Պաշտոնյաներին պատժելու համար նախատեսված այս կառույցն ընթացք չի տալիս ահազանգերին
14:36, February 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀատուկ քննչական ծառայության աշխատանքի վերաբերյալ և իրավապաշտպաններից ու փաստաբաններից, և հասարակությունից պարբերաբար դժգոհություններ են հնչում: Պաշտոնատար անձանց համար պատժի ինստիտուտ համարվող այս կառույցը, իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքով, չի կատարում օրենքով իրեն տրված պարտականությունները: Իրավապաշտպաններից վերջին տարիներին ՀՔԾ ուղարկված գործերի թիվը քիչ չի եղել, սական, նրանք ասում են, որ որպես կանոն, այդ կառույցը ընթացք չի տալիս ահազանգերին:
ՀՔԾ ուղարկված վերջին դիմումներից է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ դերասան Վարդան Պետրոսյանի քննիչի գործողությունների հետ կապված: ՄԻՊ-ը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի արարքում պաշտոնեական դիրքի չարաշահման խնդրով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն, սակայն, քրեական գործ չհարուցեց՝ պատճառաբանելով, թե քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ն միատեսակ մոտեցում չի դրսևորում բոլոր նույնանման գործերով: «Հատուկ քննչական ծառայությունը մերժել է գործի հարուցումը, բայց մենք դիմել ենք առաջին ատյանի դատարան, որպեսզի վերացնենք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Ես տեղյակ եմ, որ այլ նմանատիպ դեպքով այլ քննիչի մեղադրանք է առաջադրվել: Ո՞րն է տրամաբանությունը՝ մի դեպքում մեղադրանք են առաջադրում, մյուս դեպքում նույնատիպ դեպքով չեն առաջադրում, պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես արվում»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:
Lragir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե 2011-2013 թվականներին Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քաղաքացիներից պաշտոնյաների դեմ ուղղված քանի՞ բողոք է ստացել, քանիսի՞ն է ընթացք տրվել, քանի՞ դեպքով է քրեական գործ հարուցվել, քանի՞ գործ է ուղարկվել դատարան:
Վիճակագրությունը ներկայացնելու համար ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը լրացուցիչ ժամանակ խնդրեց, սակայն մոտ մեկ ամիս անց գրավոր պատասխանեց, որ չեն կարող նման վիճակագրություն տրամադրել:
«Նկատի ունենալով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ինչպես և Հայաստանի Հանրապետության մյուս քննչական մարմինները) իր վարույթում քննված և քննվող քրեական գործերի ընթացքի, արդյունքների և դրանցով անցնող անձանց վերաբերյալ վիճակագրական մանրամասն տեղեկատվությունը, սահմանված կարգի համաձայն, տրամադրում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կետրոնին, ուստի Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ առավել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել նշված կենտրոն»,- ասվում է ՀՔԾ մամուլի քարտուղարի գրությունում:
«Այդ կառույցը պատվերով է իր աշխատանքը կատարում, եթե պատվեր լինի, կիրականացնի»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշեց, որ չի հիշում մի դեպք, երբ քաղացիների դիմումի հիման վրա որևէ պաշտոնյա պատժվել է ՀՔԾ-ի կողմից:
Ըստ Իշխանյանի՝ ենթադրվում էր, որ Հատուկ քննչական ծառայությունը, Գլխավոր դատախազությունը պետք է լինեին անկախ մարմիններ, բայց հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ նրանիցից որևէ մեկն անկախ չէ, բոլորը կախման մեջ են գործադիր իշխանությունից և հատկապես նախագահից:
«Եվ այդ պարագայում հույս ունենալ, որ Հատուկ քննչական ծառայությունը կամ Գլխավոր դատախազությունը օբյեկտիվ ու անաչառ քննություն կկատարեն որևէ դեպքի հետ կապված, հատկապես պաշտոնյաների հետ կապված, դա մոլորություն է: Նրանք անունով անկախ են, բայց իրականում այդպես չէ: Եթե մենք նայում ենք, թե ոնց են նշանակում այդ մարմինների ղեկավարներին, ամեն ինչ պարզ է դառնում. նրանք նշանակվում են նախագահի կողմից: Ուրեմն այդտեղ ամեն ինչը համաձայնեցված է լինում, և հույս ունենալ, որ մեր քաղաքական համակարգի պարագայում անկախ կլինեն, դա մոլորություն է»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Հելսինկյան կոմիտեն վերջին անգամ Մաշտոցի պուրակի դեպքով է ՀՔԾ դիմում ներկայացրել, վերջին շրջանում չի դիմել այդ մարմինին, քանի որ, ըստ Իշխանյանի, մեծ սպասելիքներ չունեն:
«Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ ոստիկանության արարքների հետ կապված դիմեցինք Հատուկ քննչական ծառայություն, բայց բնականաբար գործը փակվեց, այնինչ ոստիկանությունն անօրինական գործողություններ էր արել: Մենք վաղուց չենք դիմում, քանի որ համոզված ենք՝ գործը կփակվի»,- ասում է Իշխանյանը:
Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու դեպքերից է փաստաբան, Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ ներկայացրած դիմումը: Փաստաբանը վերջերս ՀՔԾ ուղարկած դիմում գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների կողմից նախկինում հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ մամուլի հրապարակումներ են եղել վերջերս, ՀՔԾ-ն այդ ուղղությամբ քննություն կատարե՞լ է, թե ոչ:
«Փորձել եմ պարզել՝ Հատուկ քննչական ծառայությունը այդ հրապարկումները դիտարկե՞լ է որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, թե ոչ: Ի պատասխան իրենք նշեցին, որ մամուլում շրաջանառվող այդ դեպքերից մի քանիսի վերաբերյալ նախկինում քննված քրեական գործեր արդեն իսկ կան, բայց չեն նշել, թե որ դեպքի վերաբերյալ որ քրեական գործը կար, ուստի դրանց չեն կարող անդրադառնալ: Երկրորդ, նշել էին, որ մամուլի հրապարկումների մի մասը վերաբերել են այն ժամանակահատվածին, երբ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չի եղել, հետևաբար Հատուկ Քննչական ծառայությունն այդ առումով իրավասություն չունի: Երրորդ խումբ հրապարակումներն, ըստ իրենց պատասխանի, վերաբերում են ոչ թե անձամբ Սուրիկ Խաչատրյանին, այլ նրա ազգականներին, հետևաբար դրանից ելնելով՝ Հատուկ քննչական ծառայությունը կրկին ոչ մի իրավասություն չունի»,- Lragir.am-ին ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշում է, որ այս գործով Հատուկ քննչական ծառայության գործողությունները խիստ բացասական է գնահատում:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայութունը Գլխավոր դատախազության մի մասնիկն է, ոչ թե անկախ մարմին և ձևական է աշխատում: «Եթե դիմում ենք ուղարկում Հատուկ քննչական ծառայություն, ծառայությունն իբր թե անցկացնում է քննություն, բայց իրականում ոչինչ չի անում, պատասխան ենք ստանում, որ ամեն ինչ ստուգվել է, ոչինչ չի եղել»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ դատարաններում մեղադրյալները հայտարարություններ են անում, որ իրենք ոստիկանության բաժանմունքներում ենթարկվել են խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի:
«Այդ դեպքերով գործերը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, բայց ՀՔԾ-ն բողոքներն ուղարկում է նույն քննիչներին, որոնք աշխատում են նույն ոստիկանությունում և որոնք շատ լավ գիտեն, թե ոնց են իրականացվում այդ խոշտանգումները: Շատ դեպքերով ենք մենք հաղորդում տվել Հատուկ քննչական ծառայություն, որ խոշտանգումներ են եղել, բայց այդ մարմինը չի կատարում իր գործը: Գոնե դատախազաության շենքում չնստեն, թե չէ ծիծաղելի է, ասում են՝ անկախ մարմին է, բայց նստում են դատախազության շենքում»,- ասում է Միքայել Դանիելյանը:
«Կառույցի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե ինչ ընթացակարգով է նշանակվում ու ազատվում կառույցի ղեկավարը: Նախ և առաջ պետք է դիտարկենք կառույցի անկախությունը՝ ելնելով նշանակման և ազատման գործընթացից: Այս պահին այդ գործընթացը թափանցիկ չէ և չի համապատասխանում անկախության չափանիշներին, այդ պատճառով, իմ կարծիքով, Հատուկ քննչական ծառայությունն այն կառույցը չէ, որը դիտարկենք որպես անկախ մարմին և ակնկալենք անկախ որոշումներ»,- ասում է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/95156