Պաշտպանը եվ Սիմոնսը խոսել են զինծառայողների իրավունքներից
00:00, October 23, 2008 | ՆորություններՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման երաշխիքների ապահովման հարցը:
Սիմոնսը նշել է, որ Դաշինքի անդամ պետությունները մեծ ուշադրություն են դարձնում բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությանը և, այդ առումով, որպես դրական քայլ գնահատվել է Պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդականի նշանակման փաստը:
Արմեն Հարությունյանը ներկայացնելով զինծառայողների հետ կապված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նշել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը նպաստում է ոլորտում իրականացվող գործողությունների իրականացմանը:
Ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում պարոն Սիմոնսը հետաքրքրվել է նաև մարտի մեկի իրադարձությունների քննության ընթացքից նշելով, որ Դաշինքի անդամ պետությունները բազմիցս են բարձրաձայնել օբյեկտիվ քննություն անցկացնելու կարևորության մասին:
Պաշտպանը հույս է հայտնել, որ նոր ստեղծվելիք փաստահավաք խումբը կարող է դառնալ այն հիմնական վստահելի օղակը, որը կարող է պատասխանել այն բոլոր հարցերին, որոնց պատասխանները դեռևս չեն հնչել: