ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՆԻՍՏԵՐԸ
00:00, December 18, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք«Մատաղիսի գործով» ամբաստանյալների աթոռին կրկին հայտնված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի ու Մուսա Սերոբյանի պաշտպանները հրաժարվում են մասնակցել Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում ընթացող դատական նիստերին:
Պաշտպան Հայկ Ալումյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց իր չմասնակցելու պատճառը:
Նա նշեց, որ այսօր «Մատաղիսի գործի» քննությունը անցկացնում են երեք դատավորներ, որոնցից միայն մեկն է Հյուսիսային քրեական դատարանի դատավոր, մյուս երկուսը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են: Պաշտպանները նիստերի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ երկու դատավորներին, սակայն նրանք մերժել են միջնորդությունը` ցույց տալով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանը, որով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենց գործուղել է Հյուսիսային քրեական դատարան:
«Մենք գտանք, որ այդ հրամանն էլ է անօրինական, հակասում է Սահմանադրությանը: Դիմեցինք Սահմանադրական դատարան, դատարանը այդ հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող: Հիմա այդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, սակայն այս դատարանը շարունակում է համարվել Հյուսիսային քրեական դատարան ու փորձում են Հյուսիսային քրեական դատարանի անունից դատավարություն անցկացնել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը ընդունում է, որ ինքը նիստերին չմասնակցելով` օրենք է խախտում, մինչդեռ. «Ես ավելի մեծ խախտում թույլ կտամ, եթե այս երեք հոգուն դիմեմ` հարգելի դատարան: Մենք Սահմանադրական դատարանով էլ ապացուցեցինք, որ մենք ճիշտ ենք, բայց այդ մարդկանց այդ քիչ է, երեւի պետք է, որ իրենց վերադասը ասի, աշխատակազմի ղեկավարը կամ Վճռաբեկի նախագահը»:
Պաշտպանը շարունակելու է նիստերից բացակայել այնքան ժամանակ, մինչեւ. «Իրենք կհասկանան, որ եթե օրենքում գրված է Հյուսիսային քրեական դատարանը կդատի, ուրեմն Հյուսիսային, ոչ թե այն դատարանը, որը Վճռաբեկ դատարանի նախագահը ասի»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը ծառայության ընթացքում միտումնավոր սպանել են ծառայակից իրենց 2 ընկերներին` Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին: Առաջին ատյանի դատարանը գործով ամբաստանյալներին դատապարտել էր 15 տարվա, իսկ վերաքննիչը` ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր լրացուցիչ նախաքննության, ընդ որում` կալանքը որպես խափանման միջոց փոխվել է` հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ:
Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ դեկտեմբերի 2-ին նշված որոշման համաձայն` ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ է սահմանվել 2009թ.-ի մարտի 1-ը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/?page=issue&iid=67463