Պաշտպանության փոխնախարարի հետ «Բանակն իրականում»-ի հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում. Արթուր Սաքունց
00:00, October 23, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները երեկ հանդիպել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես Henaran.am –ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:
«Չի եղել մի հարց, որի շուրջ առաջին փոխնախարարը ունենա ինքնապաշտպանության մոտեցում, առողջ երկխոսություն էր»,-ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ առաջադրված հարցերին ՊՆ-ի արձագանքից հետո պարզ կդառնա, ՊՆ-ն ցանկանո՞ ւմ է համագործակցել իրենց հետ եւ իրավիճակի փոփոխման ուղղությամբ քայլեր անել, թե՞ ոչ:
Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը «Բանակն իրականում»–ը երեք խնդիր է բարձրացրել: «Առաջաինը, փոխնախարարին ներկայացրեցինք, որ Վարդգես Գասպարիի ձերբակալությունը գնահատում ենք որպես իշխանության կողմից քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ ոտնձգություն եւ չենք կարող տարանջատել ոստիկանությունն ու ՊՆ-ն, մանավանդ, որ ձերբակալությունը տեղի ունեցավ սեւ փիարից եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգից հետո: Երկրորդ, մենք գտնում ենք, որ ՊՆ-ն պետք է անպայման արձագանքի փոխնախար Վլադիմիր Գասպարյանի արտահայտություններին: Երրորդ, մենք ներկայացրել ենք տեղեկատվություն ստանալու պահանջը, որն արդեն հրապարակվել է»,- Henaran.am –ին ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, Դավիթ Տոնոյանը դրական է գնահատել եւ ողջունել է քաղաքացիական նախաձեռնության գործունեությունը, քննադատությունը հաշվի առնելով հանդերձ, եւ նշել է, որ այն շատ կարեւոր է բանակում իրավիճակի փոփոխման համար: «Տրվեց այն գնահատականը, որ տարբեր հկ-ներին տրամադրվող դրամաշնորհները կարեւոր են, որ հենց թեկուզ բանակի բարեփոխման ուղղությամբ քայլեր կատարվեն: Հանդիպման հենց սկզբից շատ ազատ եւ անկաշկանդ քննարկում գնաց»,-հավելեց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Վլադիմիր Գասպարյանի գնահատականին ՊՆ-ի արձագանքի հարցը կքննարկվի նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ինչ վերաբերվում տեղեկատվության տրամադրման հարցին, որոշվել է աշխատանքային քննարկում կազմակերպել եւ ավելի կոնկրետացնել այն հարցերը, որոնց շուրջ նախաձեռնող խումբը ցանկանում է տեղեկատվություն ստանալ: Արթուր Սաքունցը շեշտեց, որ բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտմանն ուղղված նախաքննական մարմնի գործունեությունը մտահոգիչ է: «Եթե նույնիսկ ՊՆ-ն շատ աշխատանք է կատարում, որը մենք չգիտենք, գնահատականը նաեւ նախաքննական մարմնի աշխատանքից է ձեւավորվում, որովհետեւ, եթե նախաքննությունը ոչ ճիշտ հունով գնա եւ իրական պատասխանատուները չբացահայտվեն, բանակի նկատմամբ վստահության մթնոլորտ չի ձեւավորվի: Սա էլ ընդունվեց»,- Henaran.am –ին ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի, խոսքով սկսված գործընթացը պետք է շարունակել եւ հասնել նրան, որ զինված ուժերում լուրջ բարեփոխումներ իրականացվեն եւ բռնություներն ու սպանությունները էապես նվազեցվեն: «Բերվեց խաղաղարար բրիգադի օրինակը, որը որպես պրոֆեսիոնալ բանակի մոդել, ոչ կանոնադրական հարաբերույթունների եւ սպանությունների փաստեր չի արձանագրել: Կա այդպիսի մոդել, ինչո՞ ւ այդ մոդելը չտարածել եւ ողջ զինված ուժերում չներդնել»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:
Հավելենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ-ի եւ Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները:
Աղբյուրը՝ http://henaran.am/?p=45103