Պատասխանատվություն կրեցի՞ն Լիսկան ու մյուսները
11:03, January 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՀելեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այսօր մասնակցում էր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների բողոքի ակցիային, Գլխավոր Դատախազությունից և ոստիկանությունից պահանջում է կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ դրանք քաղաքական հետապնդումներ են, իրավական որևէ հիմնավորում չունեն:
«Նույնիսկ դիկտատորական երկրներում մարդկանց տեսակցությունն իրենց հարազատների հետ չէին արգելում, որևէ իրավական հիմնավորում չկա արգելելու Շանթ Հարությունյանի և իր ընկերների, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի տեսկացություններն իրենց հարազատների հետ: Մենք Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջում ենք անհապահ հրահանգել քննիչին վերացնելու տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը քաղբանտարկյալների և իրենց հարազատների միջև»,- ասում է Սաքունցը:
Նա նշեց, որ այսօր գործ ունենք հրեշավոր հանցագործության հետ, երբ ՀՀ անկախության համար պայքար մղող Հայաստանի քաղաքացիները բանտարկվում են: Արթուր Սաքունցը նշեց, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարող հաշտվել Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը Ռուսաստանին հանձնելու քայլի հետ:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում անպատասխանատվության մթնոլորտի և համակարգի առաջին հովանավորը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, որը կատարում է Սերժ Սարգսյանի ռեժիմի հրահանգները:
Նախօրեին Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ եթե դատարանն ապացուցի Շանթ Հարությունյանի մեղքը, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Սաքունցի խոսքով՝ եթե Գևորգ Կոստանյանը խոսում է պատասխանատվության ենթարկելու մասին, պետք է նախ պատասխանի հետևյալ հարցին՝ արդյո՞ք բոլորն են պատժվել իրենց կատարած հանցագործությունների համար: «Լիսկան, իր տղան և թիկնապահը պատասխանատվություն չկրեցին: Պատասխանատվություն չկրեցին Մարտի 1-ի տասը սպանված քաղաքացիների սպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից: Պատասխանատվություն չկրեցին ընտրախախտումներ կատարողները: Օֆշորային խայտառակ սկանդալի մեղավորները պատասխանատվություն կրեցի՞ն: Նորմալ երկրում Գլխավոր դատախազը քրեական գործ պետք է հարուցեր Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, Նեմեց Ռուբոյի նկատմամբ, Լիսկայի, Շմայսի նկատմամբ, Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրած Վովա Գասպարյանի դեմ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Մանրամասները տեսանյութում–
Աղբյուրը` http://www.lragir.am/index/arm/0/right/view/93388#sthash.nhEiAnb5.dpuf