Պատասխան կրակ. փոխնախարարը զայրացած սպառնում է բանակը քննադատողներին
00:00, October 18, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրում պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով զինված ուժերում տեղի ունեցող արտակարգ պատահարներին և քաղաքացիական հասարակության արձագանքին, հայտարարել է, որ իրավապաշտպան որոշ կազմակերպություններ փորձում են դրանք քաղաքականացնել, իսկ բանակի նկատմամբ «տեղի-անտեղի» քննադատությունն էլ դարձրել են առօրյա զբաղմունք:
«Ես առաջարկում եմ զերծ մնալ անձնականից, ոչ ճշմարիտ ինֆորմացիայից, որովհետև դուք ներազդում եք բանակի մարտունակության վրա»,- ասել է Գասպարյանը։
Փոխնախարարը շարունակեց սպառնալ պատժիչ մեթոդներով նման քննադատության դեմ, սակայն չմասնավորեցրեց, թե որո´նք են այդ մեթոդները:
Ավելի վաղ «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում փոխնախարարը, մեկնաբանելով նույն ՀԿ-ների գործունեությանը նշել էր. «Ո՞նց կարող է ցավել մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավել, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատել»:
Զոհվածների ծնողների կողքին կանգնած և պայքարի դուրս եկած իրավապաշտպան կազմակերպություններին նա համարում է անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվություն չունեցող: (Նա մեկնաբանություններ է արել բանակում տիրող ընդհանուր վիճակի շուրջ բարձրացված աղմուկից և, մասնավորապես, բանակում գրանցված երեք սպանությունների շուրջ հասարակության արձագանքից հետո, որոնք որակվեցին «ինքնասպանություններ», թեև զինվորներից մեկի դին ակնհայտ խոշտանգված էր:)
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նման սպառնալիքներով պաշտոնյաները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել:
«Ինքը՝ Վովա Գասպարյանը, շատ լուրջ խնդիրներ ունի իր նշած իրավական հարթությունում: Նրա նման մարդիկ գործ չունեն այդ համակարգում: Ես խորհուրդ կտայի, որ նա գլուխը կախ աշխատեր այն բոլոր գործերի մասով, որոնք մենք՝ մեր գրասենյակը, ներկայացրել ենք ՊՆ-ին`բանակում տիրող բարքերին, տիրող իրավիճակին, որոնց մասին բազմաթիվ հաղորդագրություններ են եղել: Նա ուղղակի պատասխանատու է դրանց համար»:
Փոխնախարար Գասպարյանը նշել է, որ այս կամ այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է իրավապաշտպան կազմակերպություններին, իրականում պետք է այդ կազմակերպությունները ֆինանսավորողներին:
(Սաքունցի կազմակերպությունը, որը գործում է Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում`Վանաձորում, ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող ՀԿ է: Ուստի իր բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը հայթայթում է նաև տեղական և միջազգային հիմնադրամների բազմաթիվ դրամաշնորհներից:)
«Սիրելինե´րս, իսկ ձեր պատվիրատուները էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»,-ասել է Գասպարյանը:
Արթուր Սաքունցն ասում է, որ փոխնախարարը գաղափար անգամ չունի, թե ի´նչ է նշանակում քաղաքացիական վերահսկողություն, իսկ հնչեցրած սպառնալիքները միայն իր դեմ չեն:
«Այս ամենը ոչ միայն իմ դեմ է ուղղված, այլև «Բանակն իրականում» նախաձեռնության դեմ: Բայց մենք չենք նահանջելու: Այս հարձակումը խոսում է այն մասին, որ մեր պայքարը սկսում է արդյունք տալ: Շուտով մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ: ԶՈՒ-ում պետք է պաշտպանվի մեր երիտասարդների կյանքի իրավունքը, զինվորների, սպաների նկատմամբ բռնություններ, խեղումներ կատարողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն… Ես շարունակելու եմ պայքարը իմ ընկերների հետ, մարդու իրավունքների պաշտպանությունը ճիշտ և արդյունավետ ճանապարհով է գնում»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը:
Փոխնախարարի այն հայտարարությանը, թե բանակը քաղաքականացված չէ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը հակադարձում է, որ բանակը վաղուց է քաղաքականության մեջ:
«Բանակը մասնակցում է ընտրություններին և մեծ ծառայություն մատուցում իշխանություններին, և արդյունքները կեղծվում են: Իսկ երբ մարդկանց ցրելու համար զորք են հանում, այդ ամենը արդեն իսկ խոսում է այն բանի մասին, որ բանակը քաղաքականացված է։ Եվ հենց սա էլ բերում է անպատժելիություն»,- ասում է Դանիելյանը:
Աղբյուրը` http://www.armenianow.com/hy/news/32471/armenian_army_deaths_vova_gasparyan_sakunts