Պարոն Պուտին, թույլ կտա՞ք դառնանք ժողովրդավարական երկիր
00:00, January 30, 2009 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում«Խայտառակ բանաձեւ», «Մունդառ գործարք», «Եվրոպան թքեց ժողովրդավարության երեսին», «Եվրախորհուրդը թաղեց Հայաստանի ապագան»…սրանք այն մի քանի որակումներն ու արտահայտություններն էին, որոնցով հայաստանյան իրավապաշտպաններից մի քանիսը մեզ հետ զրույցում բնորոշեցին ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ վերջին` 1643 բանաձեւը:
Բանաձեւ, որով միամիտ եվրոպացիները երրորդ փորձն են անում մեր երկրում հետընտրական իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը «կարգավորելու», երկիրը «շողուլի» բերելու համար:
Ու մինչ իշխանությունները «հաղթանակ» են համարում ձայնի իրավունքից չզրկվելը, «մի թասը լավ է, երկուսը բավ է, երրորդը ցավ է» փիլիսոփայությամբ առաջնորդվողները 1643-ն ընկալում են որպես «ցավ»` դրանից բխող հետեւանքներով: Մեր զրուցակից իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ, ի դեպ, հիասթափված է ԵԽԽՎ-ի` որպես կառույցի աշխատաոճից եւ այն բնորոշում է որպես «նահանջ դավանած արժեքներից»: «Ավելին` այն անգրագետ նահանջ էր, եւ այն կետերն ու ձեւակերպումները, որոնցով այդ փաստաթղթում փորձ է արվում իբր եւս մեկ շանս տալ ՀՀ իշխանություններին` իրավիճակը փոխելու համար, բացառապես զուրկ է փաստական հիմքից, ձեւակերպումներն էլ` օդից վերցված»:
Պրն Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ «Վեհաժողովի մասնակիցներից որեւէ մեկի մտքով այդպես էլ չանցավ հարց բարձրացնել, թե մարտի 1-2-ին 10 մարդու սպանությունների մասով ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, որեւէ կասկածյալ անգամ չկա… Որեւէ մեկը չմտածեց` եթե Հայաստանում ամեն երրորդ մարդը համոզմունք է հայտնում, որ այդ 10 զոհերը ոստիկանների գործողությունների հետեւանքով են մահացել, ինչպե՞ս կարող են նրանց իրավահաջորդները որպես տուժող ներգրավվել «Յոթի գործում»: Ինձ համար խիստ տարօրինակ էր, որ Թոմաս Համարբերգն է սկսել խոսել այն մասին, թե թող յոթի դատավարությունն ավարտվի, նոր կասեմ իմ կարծիքը` քաղաքակա՞ն հետապնդում էր իրականացվում, թե՞ քրեական: Բա ո՞ւր մնացին մինչեւ այդ տեղի ունեցած դատավարությունները, ինչո՞ւ կարծիք չի հայտնվում այդ մասին»:
Սաքունցի համար մինչեւ այժմ էլ պարզ չէ, թե այդ ի՞նչն է Վեհաժողովը համարում «առաջընթաց», եթե Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին զեկույցից հետո, որում ՀՀ-ում առկա իրավիճակը գնահատվում է սահմանային` ընդհուպ ձայնի իրավունքից զրկվելու վտանգի մասին է խոսվում մինչ ԵԽԽՎ լիագումար նիստը, մեր երկրում ոչինչ չի փոխվել: «Մնում է միայն ենթադրել, որ Կոլոմբիեն ու Պրեսկոտը ԵԽԽՎ-ին միտումնավոր գցել են թյուրիմացության մեջ, քանի որ Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում պետք է առնվազն հրաշք տեղի ունեցած լիներ, որպեսզի ԵԽԽՎ-ն նման գործարքի գնար` ակնհայտորեն դավաճանելով իր խղճին ու սկզբունքներին», – եզրակացրեց իրավապաշտպանը: Ըստ նրա` ԵԽԽՎ-ի այդ որոշման վրա մեծ ազդեցություն ունեցավ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության` մինչ Հայաստանի հարցի քննարկումն արած հայտարարությունը, թե դեմ է քվեարկելու ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն: «ՀՀ-ն` այդ հայտարարությունից հետո ֆիքսվեց որպես Ռուսաստանի ռեգիոն, ֆորպոստ, եւ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը ԵԽ-ում այլեւս դիտարկվում է ոչ թե Հայաստանի իշխանությունների խնդիր, այլ Ռուսաստանի բռնակալության տակ գտնվող երկրի խնդիր: Ես ԵԽԽՎ-ի ընկրկումը սեփական սկզբունքներից դիտարկում եմ հատկապես վերջերս տեղի ունեցած ՌԴ-Եվրոպա «գազայինե առճակատման կոնտեքստում», – ասաց Սաքունցը: Նաեւ հավելեց, որ ԵԽԽՎ-ի կայացրած որոշման մյուս դրդապատճառը քաղաքական է. «ԵԽ-ն, լինելով տարբեր երկրների համախումբ, կայացրեց քաղաքական որոշում` նորից ելնելով իր շահերից, նկատի ունենալով վրաց-ռուսական խնդիրները, նավթային գործոնը, նաեւ` Ղարաբաղի հարցը: Եվրոպան հասկացավ, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելով կամ նրանց վրա ճնշում գործադրելով՝ չի կարողանալու ժողովրդավարություն հաստատել, ստիպել բարեփոխումներ անել: Որքան էլ ցավալի է, բայց ԵԽ-ն դարձել է այն մարմինը, որը որոշումներ է կայացնում ՀՀ-ի մասին` ՌԴ երեսին նայելով: Ուստիեւ, պիտի գնանք, Պուտինին խնդրենք, որ թույլ տա մեզ մոտ ժողովրդավարություն լինի: Կամ էլ` պիտի գնանք առանձին-առանձին աշխատենք ԵԽ անդամ երկրների պատգամավորների հետ: Այնպես որ, մենք այսօր շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած` իրապես վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը»: Իսկ լրացուցիչ երկու ամիս ժամկետում, որը ԵԽԽՎ-ն բաշխեց մեր երկրին, հնարավոր կլինի՞ «հրաշք» արձանագրել` հարցրինք: Պրն Սաքունցը հոռետես է եւ ահա թե ինչու. «Քանի դեռ Հայաստանում գոյություն ունի Սերժ Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան քառյակը, իրավիճակը չի փոխվելու, որովհետեւ այս մարդիկ ի վիճակի չեն ու ոչ էլ ցանկություն ունեն որեւէ բան փոխել: Թարմ ապացույց` դեռ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին բանաձեւի թանաքը չչորացած` սրանք այստեղ առանց Սմբատ Այվազյանի` մեղադրյալի, վճիռ հռչակեցին` շարունակելով նրան պահել անազատության մեջ»: «Այնպես որ, միակ հրաշքը, որը կարող է փրկել իրավիճակը` իշխանափոխության հրաշքն է, այն էլ` շուտափույթ իշխանափոխության», – համոզված է իրավապաշտպանը:
ԱՂԲՅՈՒՐԸ`
http://www.zhamanak.com/article/11220/