Պետությունը խուսափում է կատարել իր պարտավորությունը
14:12, May 22, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Սոցիալական իրավունքներՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է ծանր հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատված և հաջորդ օրը մահացած Արմեն Սահակյանի ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը:
Վերջիններիս խնդիրը կայանում է նրանում, որ պետությունն ամեն կերպ փորձում է խուսափել Ա. Սահակյանի թաղման նպաստը վճարելու պարտավորությունից: Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Ա. Պարոնյանի, անհիմն պատճառաբանությամբ մերժել է կազմակերպության կողմից ներակայացված դիմումը:
Կազմակերպությունը խնդրել էր վճարել Ա. Սահակյանի հուղարկավորության միանվագ դրամական գումարը՝ հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, որի ուժով հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք: Սակայն կազմակերպության պահանջը մերժելու մասին գրությամբ որևէ անդրադարձ չի կատարվել սույն հոդվածով ամրագրված իրավունքին, չի հիմնավորվել Ա. Սահակյանի ընտանիքին այդ իրավունքից զրկելու պատճառը: Պատասխան գրությամբ հղում է կատարվել կազմակերպության դիմումով ներկայացված պահանջի հետ որևէ առնչություն չունեցող իրավական ակտի:
Նշվածը փաստում է այն մասին, որ պետությունը բոլոր հնարավոր միջոցներով խուսափում է կատարել իր ստանձնած պարտականությունը՝ միաժամանակ խախտելով նաև Ա. Սահակյանի ընտանիքի անդամների իրավունքները, զրկելով նրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարը ստանալու հնարավորությունից:
Այսպիսով, չնայած, որ պետությունը ՀՀ Սահմանադրությամբ կրում է անձի իրավունքները և պարտականությունները պաշտպանելու պարտավորությունը, սակայն տվյալ դեպքում անմիջականորեն պետությունն է խախտում անձի (անձանց) իրավունքները՝ չտրամադրելով հանգուցյալ Ա. Սահակյանի հուղարկավորության միանվագ նպաստի գումարը: