Պետությունը ոչ միայն չի պայքարում թրաֆիքինգի դեմ, այլև նպաստում է դրան. Արթուր Սաքունց
00:00, July 1, 2011 | Մամլո հաղորդագրություններ«Կանանց և տղամարդկանց սեռական շահագործման դեմ պայքարի միջոցները, որ իրականացվում են մեր իշխանության կողմից, համարժեք չեն իրական իրավիճակին, սա ակնհայտ է»,- ԱՄՆ Պետդեպարտամենտի հունիսի 27-ին հրապարակած զեկույցին անդրադառնալով՝ ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք, որ Հայաստանում թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետդեպի թվով հինգերորդ տարեկան զեկույցում, հիմնվելով կառավարության աշխատանքի ուսումնասիրությունների և մամուլի հրապարակումների վրա, նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, արդյունքում հայտնվել է երկրորդ խմբում։
Ըստ Արթուր Սաքունցի՝ կառավարության հետևողականությունը մարդկանց առևտրի առումով, մեղմ ասած, անբավարար է. «Եթե խոսքը վերաբերում է զորակոչիկների հայտնաբերմանը և նրանց վերադարձմանը, ապա արդյունավետ գործում են։ Կամ օրենսդրական փոփոխություններ կան, որ վերաբերում են ծառայությունից խուսափողներին դրամական փոխատուցման միջոցով պատասխանատվությունից ազատելուն։ Մինչդեռ կանանց և տղամարդկանց սեռական չարաշահման դեմ պայքարի ուղղությամբ նման հրապարակային քայլեր, օրենսդրական նախաձեռնություններ չկան։ Խնդրի նկատմամբ հանրային ուշադրության գրավում չկա»,- կառավարության թրաֆիքինգի դեմ ծավալած գործողություններին գնահատական է տալիս իրավապաշտպանը։
Ըստ Սաքունցի՝ պետական որոշումներից շատերը նպաստում են թրաֆիքինգի դեպքերի աճին։
«Միգրացիոն ծառայություններով պետությունը ինքը խրախուսում է միգրացիան։ Մենք չունենք որևէ երաշխիք, որ այդ գործակալությունների միջոցով Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցները չեն դառնա թրաֆիքինգի զոհ»,- ասում Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը նաև հիմնավորված է համարում ԱՄՆ Պետդեպի զեկույցի այն դրույթը, թե Հայաստանում կտրուկ նվազել են թրաֆիքինգի դեպքերի բացահայտման և մեղավորներին պատժելու ցուցանիշները։
«Ոստիկանին, ում աշխատանքից ազատել էին սեռական ոտնձգության մեջ մասնակցություն ունենալու համար, հետագայում վերականգնել են ծառայության ՀՀ ոստիկանությունում։ Սա վկայում է այն մասին, որ անհրաժեշտ լրջություն չի հատկացվում այդ հարցին»,- ասում է Արթուր Սաքունցը։ Այս կարևորագույն խնդիրը բարձրացվում է միայն ՀԿ-ների կողմից։