Ջհանգիրյանը գիտի, որ պատասխան է տալու անհիմն մեղադրանքի համար
07:48, December 20, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԻնը տարի պայքարից հետո երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն աղմկահարույց Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ հրապարակեց. գործով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանն անմեղ ճանաչվեցին: Սակայն 2003 թվականին սպանված երկու զինծառայողների` Ռոմա Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղավորները բացահայտված չեն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո փաստաբանական խումբը պետք է լծվի տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանությանը: Սակայն, նրա կարծիքով, զինդատախազությունը կբողոքարկի դատավճիռը, քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կարծիք է հայտնել, որ մեղադրանքը հիմնավոր է:
«Կա իրավական ճանապարհ, այդ ճանապարհով ենք շարժվելու` մինչև այս գործի վերջնական բացահայտումը»,- հստակեցրեց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե նախկին ամբաստանյալները մեղավոր են՝ իրավապաշտպանն ասաց, որ նա, ըստ էության, մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրավաբան չէ:
«Դատական իշխանությունն ամենաբարձր իշխանությունն է, որի վճիռը և որոշումը պարտադիր է բոլորի համար: Ինքը դատարանի որոշումը վիճարկում է` իրեն բարձր դասելով դատական իշխանությունից: Իր այդ արտահայտությունը պրոֆեսիոնալ իրավաբանի արտահայտություն չէ, այլ նյարդային արձագանք: Նա համբերությունից դուրս է եկել, որովհետև գիտի, որ պատասխան է տալու անհիմն մեղադրանքի համար»,- նկատեց Արթուր Սաքունցը: