Ջհանգիրյանը չի կարողանում ընդունել սխալը
08:16, December 3, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է Մատաղիսի հայտնի գործին
Պարոն Սաքունց, քսանից ավելի ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան Մատաղասի գործի կապակցությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ գրեթե ինը տարի անց երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդելու են երեք անմեղ երիտասարդների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի վրա՝ թաքցնելով իրական մեղավորներին: Գրեթե ինը տարի անց նույն խնդրի առա՞ջ ենք կանգնում:
2006-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց՝ Մատաղիսի գործի ապացույցները, որոնք երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրանքի հիմքով տրվել էին Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին, անհիմն են, և հենց դատարանի դահլիճում երեքին էլ ազատ արձակեցին: Առաջին՝ մենք այսօր ունենք ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական փաստաթուղթը, երկրորդ՝ գնահատական է տրվել նախաքննության արդյունքներին: Ճիշտ է, դրանից հետո Մհեր Խաչատրյանը հատուցեց իր պաշտոնով, նրան հեռացրեցին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից, ինչը պատժիչ բնույթ ուներ արդարադատություն իրականացնողի նկատմամբ: Այն ժամանակ կար ինստիտուտ, որ մեղադրող կողմը կամ իրավապահ մարմինները նույն գործով կարող էին երկրորդ մեղադրանքն առաջադրել, եւ Մատաղիսի գործն ուղարկվեց լրացուցիչ քննության: Այս ընթացքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ մեղադրանքն են վերստին առաջադրել երեք տղաների նկատմամբ, և ըստ էության կրկնել են նախորդի մեղադրանքը, և որևէ նոր բան չէին գտել: Ավելին՝ այդ մեղադրանքը դատավարության ընթացքում վերստին կազմաքանդվեց, քանի որ վկաների մեծ մասը, որոնք ցուցմունքներ էին տվել, դատարանում հայտնեցին, որ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ, բռնություններ, այսինքն՝ ցուցմունքները կորզվել են անօրինական մեթոդներով: Ըստ էության՝ վճռաբեկ դատարանի որոշումից հետո մեղադրանքի ծավալում ոչ թե որևէ բան չի ավելացվել, այլ նոր դատաքննության ընթացքում ցուցմունքներով ավելի են հերքվել, և կասկածի տակ է դրվել նրանց օրինաչափությունը: Հիմա զինվորական դատախազությունը համառությամբ իր վարկածն է առաջ տանում՝ նախորդ քննության արդյունքները վերստին կրկնելով, բայց դատարանն իր ձեռքում ունի Վճռաբեկ դատարանի որոշումը, որտեղ արդեն իրավական գնահատական տված է այդ նույն ապացույցներին, որ հիմա դատախազությունը նորից բերել է դատարան: Ավելին, ունի հերքումներ հենց իր դատաքննության ընթացքում, և հիմա ինքը ոչ թե նոր բան պետք է հնարի, այլ ընդամենը պետք է գնահատի՝ դատաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցները համադրելով Վճռաբեկ դատարանի նախորդ որոշման հետ և գնահատական տա: Եղել է մեղադրանք, իրավական գնահատական է տրվել Վճռաբեկ դատարանի կողմից որպես անհիմն, անհիմն մեղադրանքը նորից զինդատախազությունը պաշտպանում է նախորդ ծավալով, իսկ լրացուցիչ քննություն ասվածը պարզապես եղել է նախորդ մեղադրանքի վերարտադրությունը, ավելին դատարանում հերքվել են շատ ապացույցներ, կասկածի տակ է դրվել դրանց ձեռքբերման օրինաչափությունը: Հիմա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը կանգնած է զինդատախազության դեմ: Արդյոք կկարողանա՞ն դատավորները որոշում կայացնել, որով կամրապնդի Վճռաբեկ դատարանի որոշումը: Եվ այստեղ քանի որ զինդատախազությունը կամովին չհրաժարվեց մեղադրանքից/ նախկինում խոսքը գնում էր մեղադրյալների նկատմամբ բռնությունների մասին, հիմա նաև վկաները ցուցմունք տվեցին իրենց նկատմամբ բռնությունների մասին/, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եթե կայացնի Վճռաբեկ դատարանի որոշումից բոլորովին այլ որոշում, ինքն ակնհայտ արդարադատության դեմ կկատարի քայլ, իսկ եթե ինքը հաստտատի՝ կիրականացի արդարադատություն: Ակնհայտ է, որ զինդատախազության կողմից մեծ ճնշում է իրականացվում դատարանի նկատմամբ. վերջին դատական նիստի ժամանակ մեկ ժամ ընդմիջել են և անըդհատ դիկուսիա է եղել դատախազության ներկայացուցչի և դատավորի միջև, այսինքն՝ դատական նիստը թողած՝ մարդիկ արտադատարանական քննարկում են իրականացրել, որից հետո դատական նիստն ընդհանրապես է հետաձգվել: Փաստորեն դատարանի նկատամամբ ճնշումը փաստ է: Բացի այդ, կարմիր բերետավորների ներկայությունը դատարանում մասնակիցների նկատմամբ ճնշման փաստ է, և որևէ բացատրություն չկա, թե ինչ հիմքով են կարմիր բերետավորներն այնտեղ գտնվել:
Գագիկ Ջհանգիրյանը մարտի մեկի հարցն է բարձրացնում, օրինականության մասին խոսում, մոռացե՞լ է Մատաղիսի թեմայի մասին:
Նա մինչ այս ասել է մի անգամ, որ գտնում է՝ Մատաղիսում իրենց մեղադրանքը հիմնավոր է եղել: Այդ գնահատականի հետ կապված մի քանի կարևոր հանգամանքի անդրադառնամ: Առաջին՝ նախկին զինդատախազը իր պնդմամբ լուրջ հակասության մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման հետ, նա շարունակում է այն մտայնությունը, որ ՀՀ-ում ավելի բարձր է զինդատախազությունը, քան դատարանը, այսինքն՝ նա ինքը կասկածի տակ է դնում ՀՀ բարձրագույն ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կոմպետենտությանը: Ես կասկածում եմ, որ Ջհանգիրյանն անմիջական մասնակցություն է ունեցել (հիմնավոր է իմ կասկածը) Վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատարյանի նկատմամբ պատժիչ գործողություն կիրառելու մեջ, որի արդյունքում նա հեռացվեց պաշտոնից: Երկրորդ՝ Ջհանգիրյանը որպես պատգամավոր, որը խոսում է օրինականությունից, մարտի մեկի զոհերի շահերի պաշտպանությունից, արդյոք իրավական անհրաժեշտ գիտելիքներ ունի՞ և նաև հստակ դիրքորոշում, որ կարողանա հանդես գալ որպես մարտի մեկի զոհերի պաշտպան, երբ ինքը չի կարողանում իր սխալն ընդունել: Նա քննադատելով ռեժիմին, որի զոհը դարձավ, Մատաղիսի գործում չի կարողանում ինքնախոստովանություն անել:
Մյուս կողմից, ՀԱԿ-ը մարդու իրավունքի տեսակետից պետք է անպայման Մատաղիսի գործով դիրքորոշում արտահայտի և գանահատական տա: Կամ մենք ունենում ենք մարդու իրավունքի խախտման հետ կապված գնահատական, որը քաղաքացիներիս հույս կտա այն հույսը, որ կա մի ուժ, որը, այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանության գործին է լծված, կամ այդ գնահատականի բացակայությունը մեզ այլ եզրակացության կհանգեցնի:
Աղբյուրը՝ http://lragir.am/index.php/arm/0/interview/view/75420