Ջհանգիրյանը և Սաքունցը համակարծիք են. տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում
17:50, December 17, 2012 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքԵրեկ համացանցում հայտնվել էր ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի միջև սրճարանում տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:
Լուրեր.com-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձեց ճշտել՝ արդյոք երկու անձի խոսակցությունը ձայնագրելն ու համացանցում տարածելն օրենքի կոպտագույն խախտում չէ:
Վերջինիս խոսքերով՝ սա թե՛ սահմանադրական նորմերի, թե՛ քրեաիրավական նորմերի խախտում է:
Լուրեր.com-ի հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ սա օրենքի կոպտագույն խախտում է, և զարմանք հայտնեց, որ խախտումը ոչ ադեկվատ է գնահատվում:
«Ավելի շատ խոսվում է խոսակցության բովանդակության մասին, բայց դա չպետք է մտահոգի, ավելի կարևոր է այն, որ սա խախտում է: Մենք համոզված ենք, որ մեր հեռախոսազանգերը լսում են, վստահ եմ՝ իմն էլ են լսում, բայց ես դա ապացուցելու հնարավորություն չունեմ: Դեռ մի քանի տարի առաջ հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի և բրիտանական դեսպանատան աշխատակցի հետ զրույցը, Մարտի 1-ից հետո՝ ԱԱԾ-ի գաղտնալսումն ու հրապարակումն էր: Այսինքն՝ երբ ժամանակին այդպիսի իրավունքի խախտումները պատշաճ գնահատանքի չարժանացան, դա արդեն մշտապես կիրառվում է «դա նորմալ է, ինչ է եղել որ» սկզբունքով:
Ինչ են խոսացել, ինչ չեն խոսացել, դա չէ կարևորը, այլ այն, որ երկրում լուրջ հանցագործություն է կատարվել, և այդ հանցագործությունը կատարողները պետք է պատժվեն»,- ասաց Սաքունցը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 23-ը մասնավորապես սահմանում է. «Առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:
Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածը սահմանում է.
1. Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով»: