Ջհանգիրյանի արտահայտությունները վերացական են. փաստաբան
14:28, June 18, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվեց «Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի» գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում արել էր հետեւյալ հայտարարությունները` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Այսօրվա դատական նիստին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանի ներկայացրեցին իրենց հայցապահանջը: Որպես ապացույց` ներկայացվեցին «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակված` Գագիկ Ջհանգիրյանի հիշյալ արտահայտությունների վերաբերյալ հոդվածները, ինչպես նաև էլեկտրոնային կրիչ, որում ներկայացված է Մատաղիսի գործով արդարացվածների վերաբերյալ Ջհանգիրյանի հարցազրույցը:
Հայցվորները պահանջեցին դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:
Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցվորներից խնդրեց Ջհանգիրյանի խոսքերից տարանջատել զրպարտանքը և վիրավորանքը:
Արայիկ Զալյանը, ընթերցելով Ջհանգիրյանի արտահայտությունները, նշեց, որ դրանք թե’ վիրավորանք և թե’ զրպարտանք են պարունակում: Հովսեփյանի հարցին` արդյո՞ք Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում տվել է հայցվորների անունները, Ա. Զալյանը պատասխանեց. «Ո’չ, չի տվել, բայց «Մատաղիսի գործ» անունով հայտնի քրեական գործի շրջանակներում մինչ արդարացման վճիռը շոշափվել են մեր և տուժողների անունները»:
Ջհանգիրյանի պաշտպանը, առարկելով հայցապահանջի դեմ, հայտարարեց, որ իր վստահորդը հարցազրույցի ժամանակ չի հիշատակել հայցվորների անունները, իսկ Ա. Զալյանի կողմից որպես ապացույց ներկայացված հոդվածներում նրանց անունները վկայակոչել են լրագրողները:
Փաստաբանը նշեց, որ այն փաստը, որ Ջհանգիրյանին հարցեր են ուղղել«Մատաղիսի գործ» քրգործի շրջանակներում, դեռ չի նշանակում, որ դա վերաբերել է հենց հայցվորներին:
Դատավորը հարցին` իսկ ո՞ւմ էր վերաբերում «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» արտահայտությունը, Հովսեփյանը պատասխանեց. «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը դիտել եք, չէ՞, էնտեղ էլ հայտնի արտահայտություններ կան, որ ոչ մեկին չեն վերաբերում, այսինքն` սա ևս որևէ մեկը չի կարող վերագրել իրեն, սա վերացական արտահայտություն է: Տեղի է ունեցել հանցագործութուն, եղել են մարդասպաններ, այո’, Ջհանգիրյանը նկատի է ունեցել մարդասպաններին»:
«Կարող ա՞ մուլտիկի հետ էլ համեմատեք»,- ակնարկեց դահլիճում ներկա գտնվողներից մեկը:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանն էլ նկատեց, որ հայցապահանջը ժամանակավրեպ է, քանի որ Մատաղիսի գործով վճիռն օրինական ուժի մեջ չի մտել:
Հայցվոր Արայիկ Զալյանը ուղղեց դատավորին` հիշեցնելով, որ վճիռն արդեն օրինական ուժի մեջ է, պարզապես այս պահին իր տրամադրության տակ չկա:
Այսքանով ավարտվեց այսօրվա դատական նիստը: Հաջորդ դատական նիստին` հուլիսի 2-ն, կհետազոտվեն գործում առկա ապացույցները:
Դատական նիստի ավարտին արդարացվածների հարազատներից մեկն էլ հայտարարեց. «Ջհանգիրյանին մենք մեր ձևով կխեղդենք, հլը թող գա դատարան … Էնքան անմեղ մարդկանց արյուն է խմել…»:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/52270.htm
Նիստի վերաբերյալ այլ հոդվածներ՝ http://www.1in.am/arm/armenia_right_192424.html
http://www.aravot.am/2013/06/18/256053/