Ջրծաղիկից մահացած զինծառայողի դատը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
11:30, September 7, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած, 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունն այսօր հետաձգվեց զինծառայողի իրավահաջորդի փաստաբանի բացակայության պատճառով:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավարությունը հետաձգեց մինչև սեպտեմբերի 20-ը:
Նշենք, որ ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար մեղադրվում են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալի բժիշկներ Մինաս Մկրտչյանը և Միքայել Միքայելյանը: Այսօր կայանալիք դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստում փաստաբան Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին էր բացարկ հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությանը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով 18.01.2012 թ. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր.օր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):
Իսկ 18-ամյա տղայի մահվան մեջ հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլև ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալի 2 բժիշկների:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրել է այնպիսի մեղադրանք, որը, կարելի է գնահատել հովանավորչություն, քրեական գործի կոծկում: Ըստ այդմ` փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջել է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով: