Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով լրացուցիչ փորձաքննություն կիրականացվի
08:45, March 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:
Դատական նիստին տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել, ինչը կողմերը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ:
Հարկ է նշել, որ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը նախորդ դատական նիստերից մեկում հայտարարել էին, որ այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, քանի որ համաձայն չեն դատաքննության ընթացքի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի կողմից իր կրած բարոյական և գույքային վնասների փոխհատուցման պահանջով դատարան ներկայացված քաղաքացիական հայցին կողմերի ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պատճառով:
2014 թ. փետրվարի 28-ի դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, մասնավորապես, գործով մեղադրողը և ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի պաշտպաններն անհիմն համարեցին ներկայացված հայցը, գտնելով, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում հիմնավորվել է արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը, հետևաբար չի կարող այդ արարքով որևէ անձի պատճառվել վնաս:
Հայցադիմումի գույքային պահանջի վերաբերյալ կողմերը հայտնեցին, որ չեն ներկայացվել այդ ծախսերի կատարման փաստը հաստատող անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև փոխհատուցման ենթակա են մինչև հուղարկավորությունը կատարված ծախսերը:
Բարոյական պահանջի վերաբերյալ դատաքննությանը ներկա գտնվող կողմերը հայտնեցին, որ հայցադիմումում վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թ. ՍԴՈ-1121 որոշումը ընդհանուր բնույթ է կրում և նախատեսում է փոփոխություններ ՀՀ քաղաքացիական դատավարաության օրենսգրքում: Սակայն բարոյական վնաս հասկացությունը դեռևս օրենսդրական ամրագրում չի ստացել և հարց է՝ արդյոք ֆիզիկական կորուստը կարելի դիտել որպես բարոյական վնաս:
Պետք է նշել նաև, որ կողմերը դատաքննության ընթացքում համոզմունք հայտնեցին այն մասին, որ հայցադիմումը Մ. Խաչատրյանի կողմից ներկայացվել է դատաքննությունն անհարկի ձգձգելու նպատակով:
Գործով ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի պաշտպանները դատարանին հայտնեցին, որ վերանայել են համաներում կիրառելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը և հրաժարվում են դատարան ներկայացրած դիմումից, գտնելով, որ իրենց պաշտպանյալները որևէ հանցավոր արարք չեն կատարել: Նրանք խնդրեցին դատարանից վերսկսել դատաքննությունը:
Դատարանն անհրաժեշտ համարեց հանձնաժողովային լրացուցիչ քննության իրականացումը՝ փորձաքննությանը փորձառու վիրաբույժների ներգարվմամբ:
Մեղադրողը չառարկեց լրացուցիչ փորձաքննություն նշանակելուն, Միքայել Միքայելյանի պաշտպանը հայտնեց, որ դեմ է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, քանի որ 24 ժամը վերաբերում է վիրաբույժներին, իսկ երկրորդ փորձաքննությունն էլ տվել է բոլոր հարցերի պատասխանները:
Մինաս Մկրտչյանի պաշտպանը չառարկեց փորձաքննություն անցկացնելուն, նշելով, որ եթե դատարանն ունի չփարատված կասկածներ, ուրեմն կա փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, չնայած պաշտպանական կողմը չունի այդպիսի կասկածներ:
Դատաքննությանը ներկա կողմերին, ինչպես նաև տուժող կողմին իրենց հարցադրումները և հանձնաժողովի կազմի վերաբերյալ դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնելու համար դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի մարտի 14-ը՝ ժամը 15:00-ն:
Լուսանկարը՝ Իրավաբան.net
Այս մասին այլ նյութեր՝ http://168.am/2014/02/28/335834.html
http://iravaban.net/52794.html
http://www.newsbox.am/jrcaxik-hamanerum/