Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը թույլ չէր տալիս, որ դատավարությունը շարունակվի
08:38, September 21, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԷրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր բժիշկներ Միքայել Միքայելյանի եւՄինաս Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, հայտնեց, որ հրաժարվում է իր ներկայացուցչից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանից:
Դատավորը անընդհատ փորձում էր տուժողից իմանալ, թե երբ կարող է նրա նոր պաշտպանը ծանոթանալ 4 հատորանոց գործի նյութերին, սակայն տուժողի հայրը «թուրք», «մարդասպաններ», եւ այլ վիրավորական արտահայտություններով թույլ չէր տալիս, որ նիստը շարունակվի: Փորձեց միջամտել ամբաստանյալի պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը.նրան էլ տուժողի հայրը վիրավորեց՝ «մարդասպանների պաշտպան» ասելով:
Դատավորը փորձեց տուժողի հորը հանգստացնել, ասելով, թե «պետք է աշխատենք իրար հետ, դատավոր եմ, պարտավոր եմ զերծ մնալ էմոցիաներից, թողեք աշխատենք», սակայն հնարավոր չէր:
Տուժողի իրավահաջորդը մենակ էր եւ կարիք ուներ իրավական օգնության: Հավանաբար, դա էր պատճառը, որ նրա էմոցիաները տեղի էին տալիս. «Հանցագործները ամեն ինչով ապահովված են, սա բեմադրություն է», ասում էր նա:
Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/20/111306/