«Ջրծաղիկի գործով» դատական նիստին տուժող կողմը դարձյալ չէր ներկայացել
05:56, January 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյսօր ջրծաղիկի գործով դատաքննությունը հետաձգվեց, քանի որ դատական նիստին չէին ներկայացել գործով դատախազ Անահիտ Եղիազարյանը, տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանն ու պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատախազը դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ` այլ ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով, իսկ տուժող կողմը որևէ գրություն չէր ուղարկել: Հիշեցնենք, որ ՊՆ զինծառայող Հայկ Խաչատրյանը 2011 թվականի դեկտեմբերի 28-ին զորակոչվել է բանակ, նույն օրը տեղափոխվել զինվորական հոսպիտալ, հետո Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գործի շրջանակներում Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ` չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Հիշեցնենք նաև, որ պաշտպանական կողմը ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժող կողմը պարբերաբար չէր կերկայանում դատական նիստերին` արտահայտելով իր անվստահությունը դատարանի նկատմամբ` դատավորը նախորդ դատական նիստի ժամանակ նպատակահարմար գտավ մինչև խորհրդակացական սենյակ մտնելն ու վճիռ կայացնելը իմանալ նաև տուժող կողմի դիրքորոշումը: Դատարանն այս անգամ ևս որոշեց դատական նիստը չշարունակել առանց տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի դիրքորոշումներն իմանալու:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:
Մինչ դատական նիստի ավարտը Մինաս Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին հայտեց, որ ինքը հարցում է ուղարկել Զորքերի սոցիալական պահանպության վարչության պետ Առուշանյանին, ով հայտնել է, որ մահացած Հայկ Խաչատրյանի ծնողները փոխհատուցում են ստացել, ինչպես նաև այժմ ստանում են ամսական 30 հզ դրամական օգնություն: Իսկ Միքայել Միքայելյանի պաշտպանն էլ նկատեց, որ դատական նիստերին չգալով` տուժող կողմն արդեն իսկ արտահայտում է իր դիրքորոշումը: Ինչևէ, դատարանը որոշեց, որ դատական նիստը մարդասիրական վերաբերմունքից ելնելով պետք է հետաձգել: