Ջրծաղիկի գործով դատավորը անակնկալ որոշում կայացրեց
06:27, December 17, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր Ջրշաղիկի գործը քննող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը պետք է հրապարակեր որոշում այն մասին, թե որդյոք կիրառվում է համաներում գործով մեղադրյալ բժիշկների նկատմամբ, սակայն վերջինս անակնկալի բերեց դատավարության կողմերին և հրապարակեց որոշում դատավարությունը վերսկսելու մասին:
Չնայած այն հանգամանքին, որ դատավորը սովորաբար վճիռը հրապարակելուց հետո լքում է նիստերի դահլիճը՝ դատավորը դրանից հետո նստեց իր տեղում և հանգամանալից բացատրեց իր վճռի հիմքերը: Գրիգորյանը ասաց, որ ամբաստանյալները հադես էին եկել իրենց նկատմամբ համաներում կիրառելու միջնորդությամբ, որին, սակայն, ներկա չեն գտնվել տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը, ուստի չեն կարողացել դատարանում հայտնել իրենց դիրքորոշումը:
«Երկու անգամ տուժողի իրավահաջորդը՝ մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը, և նրա ներկայացուցիչը լքեցին դատական նիստերի դահլիճը և ներկա չգտնվեցին ամբաստանյալների ներկայացուցիչների համաներման միջնորդություններին, սակայն դատարանը դրանց պատճեները ուղարկել է նրանց: Դատարանը ակնկալում էր, որ վերջիններս նամակի տեսքով կհայտնեն իրենց դիրքորոշումը, բայց քանի որ նրանք չարձագանքեցին, որոշեց վերսկսել դատաքննությունը և երկու կողմերի համար ապահովել հավասար պայմաններ, ստեղծել պայմաններ, որպեսզի տուժողն ու իր ներկայացուցիչը ևս ներկա գտնվեն նիստին»,- ասաց դատավորը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Պողոսյանն ասաց, որ այս պարագայում կարևոր չէ տուժող կողմի դիրքորոշումը, ուստի չի բացառվում, որ դատավորի` դատաքննությունը վերսկսելու որոշումը բողոքարկի: Դատարանը հիշեցրեց, որ տուժողի իրավահաջորդը մի մարդ է, ով որդի է կորցրել, ուստի նրա հոգեբանական բռնկումները չի կարելի հիմք ընդունել և ի վնաս նրա որոշում կայացնել: Դատական հաջորդ նիստը հունվարի 15-ին է: Հիշեցնենք, որ Խաչատրյանը զորակոչվել է բանակ, նույն օրը տեղափոխվել զինվորական հոսպիտալ, հետո Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գործի շրջանակներում Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ` չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Ամբաստանյալները միջնորդել են իրենց նկատմամբ համաներում կիրառել:
Աղբյուրը՝ http://www.newsbook.am/?p=22488&l=am/jrcaxiki+gorcov+datavory+anaknkalvoroshum+kayacrec