Ջրծաղկից մահացած զինծառայողի զինակիցները դեռ ճնշումների վտանգի տակ են
07:37, March 22, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով վկաների նկատմամբ գործադրվող ճնշումների դադարեցման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առայժմ երաշխիքներ չունի, քանի որ զինվորները մինչ օրս գտնվում են նույն հրամանատարի անմիջական հսկողության տակ, որի հետ կապված մի շարք չպարզված հարցեր կան: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Մենք փաստաբան ներգրավել ենք բժշկական հանձնաժողովի աշխատելուց հետո, զգուշացրել ենք արդեն նախաքննական մարմնին, որ միջոցներ ձեռք առնի զինվորներին պաշտպանելու համար, սակայն Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում և ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
«Նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որը անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, սակայն միջոցներ չեն ձեռնարկվում զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու և քրեական գործի անաչառ, լրիվ և օբյեկտիվ քննությունը ապահովելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով 18.01.2012թ. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր.օր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս): Իսկ 18-ամյա տղայի մահվան մեջ հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլև ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալի 2 բժիշկների: