ՌԴ-ում ներգաղթյալների մնալու կարգի փոփոխությունը լուրջ քաղաքական պատճառներ ունի
06:46, January 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸստ Արթուր Սաքունցի՝ օրենքի չկիրառման, բացառությունների դիմաց պահանջվելու է քաղաքական, տնտեսական կախվածություն ՌԴ-ից 2014թ. հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը: ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այսինքն՝ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլեւս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում: Վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով: Մի կողմից՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե զարկ են տալիս ինտեգրման գործընթացներին, սակայն ժամանակ առ ժամանակ տարբեր օրենքների փոփոխություններով ներգաղթյալների համար նորանոր սահմանափակումներ են մտցվում: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, այս քայլը ոչ միայն քաղաքական ու անվտանգության առումով սկսեցին արդարացնել, այլեւ առեւտրատնտեսական, որ՝ ահա, արդեն ՄՄ-ին անդամակցելուց հետո հայ ներգաղթյալների նկատմամբ «առավելություններ կլինեն», «Հայաստանում էժանություն կլինի» եւ այլն:
«Առավոտ»-ը երեկ զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Մեր զրուցակցին խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ-ում մնալու կարգի փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը: Արթուր Սաքունցը նախ նկատեց, որ նշյալ օրենքը հստակ է սահմանում, որ երեք ամիս մնալուց հետո օտարերկրացին պետք է անպայման դուրս գա ՌԴ տարածքից եւ իրավունք ունի վերադառնալ միայն երեք ամիս հետո, այսինքն՝ տարվա կտրվածքով ընդամենը երկու անգամ կարող է մուտք գործել:
«Եթե դիտարկենք սովորական պրակտիկան, որոնք արտագնա աշխատողները ունենում են՝ գարնանը մեկնում են, աշնանը վերադառնում են, թեեւ դրանց թիվը գնալով պակասում է, առավելապես մեկնում են մնալու նպատակով, ապա այս որոշումը լուրջ խոչընդոտներ կառաջացնի այդ մարդկանց աշխատանքի կազմակերպման համար: Հաշվի առնելով Մաքսային միության ստեղծման տրամաբանությունը՝ այս որոշումը հակասում է դրան: Մի կողմից՝ Մաքսային միություն են ստեղծում, որտեղ պետք է մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժն ապահովեն այդ տարածքում, սակայն մյուս կողմից՝ նման օրենք են ընդունում: Առաջին հայացքից է այս հակասությունը, սակայն իրականում սա լուրջ քաղաքական պատճառներ ունի: Նման արգելքների միջոցով Պուտինը ստեղծում է իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով այն երկրների կառավարությունների նկատմամբ ճնշումներ կգործադրվեն, որոնք ՌԴ-ի հետ կապված են արտագնա աշխատանքի խնդրով: Տիգրան Սարգսյանը մի առիթով արդեն իսկ հայտարարել էր, թե մնան, որ ի՞նչ անեն, հեղափոխությո՞ւն անեն… Այսինքն՝ ինքն արդեն ընդունել էր, որ գործազուրկները վտանգավոր են, եւ եթե այդքան մարդ մնա Հայաստանում, բունտ կլինի»,- հիշեցրեց մեր զրուցակիցը: Արթուր Սաքունցը դիտարկում է նաեւ ՌԴ-ում տարածված պրակտիկան:
«Այդ նոր օրենքում նորմ կա՝ արտագնա աշխատողը, եթե առողջության հետ կապված խնդիրներ ունենա եւ ստիպված լինի բուժվել ՌԴ-ում, եւ եթե բուժման ժամկետը ավելին լինի, քան երեք ամիսը, ապա բժշկական համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում արտագնա աշխատողի մնալը ՌԴ տարածքում կարող է համարվել օրինական: Այսինքն՝ այս դեպքում էլ բժշկական հաստատություններում կոռուպցիան լայնորեն կտարածվի, իսկ այդ բժշկական տեղեկանքները, որով մարդիկ կհիմնավորեն իրենց բուժումը, լուրջ գումարներ կարժենան: Եվ կարող է պարզվել, որ միգրանտների գերակշիռ մասը միաժամանակ սկսում է բուժվել ՌԴ-ում, որպեսզի հիմնավորում ունենան ՌԴ-ում մնալու: Սա, իհարկե, ՌԴ իշխանություններին չի հետաքրքրում՝ որպես այդ երկրում ներքին կոռուպցիայի ծաղկմանը նպաստող օրենսդրական փոփոխություն, քանի որ ՌԴ-ի համար սա առավելապես քաղաքական քայլ է, որը կնպաստի ճնշումների կիրառմանը այլ երկրների նկատմամբ»:
Արթուր Սաքունցը հիշատակեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ Նալբանդյանը չէր բացառել, որ Ռուսաստանը հետագայում ՀՀ քաղաքացիների համար փոփոխություններ կանի ՌԴ տարածքում գտնվելու հետ կապված օրենսդրությունում:
«Դա մի ընթացակարգ է, որն ընդունված է Ռուսաստանի կողմից, պետք է հարգել, բոլոր երկրներն իրավունք ունեն ընդունելու իրենց ընթացակարգերը: Բայց թե ինչ բացառություն կլինի Հայաստանի համար, դա արդյոք կլինի՞ Մաքսային միության հետ կապված… Մաքսային միությանն ավելի շատ վերաբերում է տնտեսական, ոչ թե այդ կարգի հարցերը: Բայց չեմ բացառում, որ հետագա բանակցությունների ընթացքում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հնարավոր է ինչ-որ գործընթացներ լինեն»,- ասել էր Նալբանդյանը:
Արթուր Սաքունցն այս առիթով նշեց. «Այս ամենն այնքան պրիմիտիվ է արվում, որ նաեւ պրիմիտիվ արձագանքի է արժանանում՝ առանց խորանալու, թե ինչ է կատարվում իրականում: Հասցրել են ստրկական պահանջների ենթարկվելու տրամաբանությանը: Ակնհայտ է, որ ՌԴ-ում արհեստականորեն ստեղծվում են իրավական նորմեր, որոնք չկիրառելու դիմաց պահանջվելու է շատ ավելի մեծ բան՝ անդամակցություն ՄՄ-ին:
Այսինքն՝ զիջելու են, որ այս կամ այն երկրի քաղաքացիներին թույլ տան ազատ ելումուտ անել Ռուսաստանի տարածքում, որպեսզի նրանց նկատմամբ չկիրառվի այդ եռամսյա ժամկետի սահմանափակումը, բայց դրա դիմաց ՌԴ-ն ստանալու է այդ երկրների լիարժեք քաղաքական, տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Սա է տեղի ունենում, իսկ մեր, այսպես կոչված, իշխանությունները գտնվում են ստրկական պայմանների ենթարկվելու տրամաբանության մեջ»:
Աղբյուրը` http://www.aravot.am/2014/01/24/425303/