Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը պարտադրված էր ու հավատ չներշնչող
13:38, July 4, 2012 | ՆորություններՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարության վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ` պարզելու նրա կարծիքը` հայտարարությանը հաջորդած հասարակական քննարկումների վերաբերյալ, որտեղ նշվում է, թե դա պարտադրված տեքստ էր:
«Հակված եմ ենթադրելու, որ դա պարտադրված էր, քանի որ հայտարարությունը եղավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո` այն դեպքում, երբ բավականին երկար ժամանակ կար նման հայտարարություն անելու համար… սա համարում եմ նաև ճնշում: Եթե նկատել եք, ՀՀԿ ղեկավարներից և ոչ մեկը մինչև հիմա հանդես չի եկել գնահատականներով, քաղաքական ուժն իր դիրքորոշումը չի ներկայացրել…: Հայրապետյանի հայտարարությունը մի քիչ անհավատալի էր. մարդը մի օրում չի փոխվում: Մարդը, որ ասում էր` ինձ պատժող չկա, ես իմ հարցերն այսպես կամ այնպես եմ լուծում, չի կարող փոխվել մեկ օրում: Սա նախօրոք մշակված սցենար էր, փոխադարձ համաձայնեցված գործողությունների շարք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Թեմայի վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի հետ: «Դա առաջին և ճիշտ քայլն է, որ արվել է: Չգիտեմ` պարտադրված էր, թե ոչ, բայց ճիշտ քայլ էր` հասարակության պահանջին համապատասխանող: Մի բան էլ. չեմ կարծում` Հայրապետյանի շահերը սահմանափակվում են այդ երկու ոլորտներով` սպորտային և քաղաքական: Կա բիզնես շրջանակ, որտեղ ևս ողջունելի կլիներ, որ հրաժարվեր կրիմինալ մեթոդաբանությունից և վերջ դրվեր վարչական ռեսուրսների օգտագործմանը»,- ասաց նա:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները փորձել են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի վերաբերյալ գնահատականներ լսել նաև ԿԳ նախարարից: Արմեն Աշոտյանն ասել է, թե նրա այդ քայլը ցույց տվեց` «ամեն ինչ չէ, որ մանդատով է կամ նախարարական պորտֆելով մեր երկրում…»:
Աղբյուրը՝ http://www.mamul.am/am/