Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը պետք է օրակարգում դրվի. Արթուր Սաքունց
08:43, June 25, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՈստիկանությունը լավ չի հասկացել բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննության հասկացությունը, չի հասկացել, որ խոսքը վերաբերվում է մարդկանց կյանքին և այն փաստին, որ դեպքը պատահել է մի հիմնարկում, որի սեփականատերը, ինչպես Հայրապետյանն է նշում, իր ընտանիքինն է։ Նման կարծիք Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանության բարձրաստիճան սպայի այն տեսակետին, թե «Հայրապետյանն, ըստ իս, դեպքի հետ առնչություն չունի»:
Ըստ Սաքունցի՝ Հայրապետյանն իր բիզնեսում կատարվող ներքին ամեն խնդրի համար միանշանակ պատասխանատվություն ունի, եթե անգամ, Հայրապետյանի իրավական, քրեական պատասխանատվության հարցը չպարզվի։
«Արդեն տեսանյութ կա, որտեղ երևում է, որ կատարողներից մեկը Հայրապետյանին է ուղեկցում։ Այսինքն սա այլևս անհերքելի փաստ է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է տրվի իրավական ամբողջական պատասխան։ Ես կարծում եմ, որ այդ բիզնեսը արդեն վտանգավոր է մարդկանց համար, և դա նշանակում է, որ պետք է իրավական գնահատական տալ՝ թե արդյոք պե՞տք է այդ բիզնեսը, թե՞ ոչ»,– ասաց նա։
Սաքունցը նկատեց նաև, որ եթե ջուրը վարակվում է, քրեական գործ է հարուցվում մարդուն առողջական վնաս տալու համար, հենց նույն տրամաբանությամբ՝ այդպիսի բիզնեսները ֆիզիկական ապահովության տեսանկյունից մարդու կյանքի համար վտանգավոր են։
«Պետք է անպայման պատշաճ գնահատական լինի։ Ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժերի կրավորական պահվածքը՝ գիտակցված լռության հանգամանքը։ Ինձ համար ինչ–որ տեղ հասկանալի է ՀՀԿ պահվածքը, բայց Հայրապետյանը ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչն է, իսկ ՀՀԿ–ն որևիցե կերպ չի արձագանքում, քանի որ բոլորն էլ նույն մտածելակերպն ունեն, նույն վարվելակերպն ունեն։ Բայց նույնիսկ ամենահեղինակազուրկ կուսակցության համար նման պատգամավոր ունենալն էլ ավելի հեղինակազրկող փաստ է հանդիսանում։ Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի նման պատգամավորներ ունենալը, նույնիսկ ամենահեղինակազուրկ կուսակցության համար, անպատվաբեր է։ Բայց եթե ՀՀԿ–ն հանդուրժում է, դա արդեն իր պրոբլեմն է։ Բայց ԱԺ–ում մնացած պատգամավորներն էլ, ովքեր լռում են, նրանք, ընտրական պրոցեսի ժամանակ ոսկե սարեր էին խոստանում, իսկ հիմա բերանները ջուր առած նստել են։ Նստել են ԱԺ–ում մի մարդու հետ, ով վախկոտի նման ասում է, թե «ես ի՞նչ կապ ունեմ», այսինքն ինքը լրիվ անմեղսունակ է, ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր բիզնեսում»,– ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության հետագա քայլերին՝ նա նշեց, որ շատ մեծ դեր ունի հասարակական պահանջը։ Վերջին տարիների փորձը, ըստ Սաքունցի, ցույց տվեց, որ մեր երկրում մինչև քաղաքացիական պահանջները հստակ չեն ձևակերպվում, ոչ թե սայլը տեղից չի շարժվում, այլ որևիցե բան չի արվում։
«Այս ամենի պատասխանատվությունն ունի նույն կուսակցության նախագահը՝ անձամբ Սերժ Սարգսյանը, նույն կուսակցության խմբակցության ղեկավարը։ Քաղաքացիական պահանջները պետք է ուղղված լինեն նրանց կողմից քայլեր կատարելուն, առնվազն՝ դատապարտելուն։ Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը պետք է օրակարգում դրվի։ Անպայման իրավական գնահատական պետք է տրվի, թե ի՞նչ եղավ, որ վեց հոգու, թե յոթ, չնայած տասնհինգ հոգի են եղել, դուխներն այդքան հերիքեց։ Այս անպատժելիության մտածելակերպն ի սկզբանե է դրված եղել։ Բոլոր քաղաքացիներին, ովքեր որևէ պրոբլեմ են ունեցել «Հարսնաքարում» կամ այլ բիզնեսներում, այլ ծառայությունների հետ, ես կոչ եմ անում բոլորին, եթե ժամանակին լռել են, գոնե հիմա ձայն հանեն կամ գոնե ներկայացնեն պատկերը»,– ասաց Սաքունցը։
Աղբյուրը՝ http://lurer.com/?p=28427&l=am