Սահմանադրությունը, որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, մի կողմ է գցվում՝ «ճանապարհային քարտեզի» պատճառով. Արթուր Սաքունց
06:49, February 6, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ուսումնասիրել է ՀՀ կառավարության հրապարակած՝ Մաքսային միությանն անդամակցման վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» և այն անվանում է հակասահմանադրական:
«Այս փաստաթղթով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որն առնչվում է ՄՄ անդամագրմանը, համապատասխանեցվի Մաքսային միության իրավական նորմերին»,-ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, թե մեր իրավական նորմերը, որոնք մինչև հիմա գործում են և համապատասխանում են Սահմանադրությանը, պետք է փոփոխվեն՝ Մաքսային միության իրավական նորմերին համապատասխանեցնելու համար:
Ըստ իրավապաշտպանի, ինքնին ստացվում է, որ Սահմանադրությունը, որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, մի կողմ է գցվում և վերցվում են նոր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր կամ նորմեր: «Ստացվում է այնպես, որ ոչ թե ղեկավարվում ենք ՀՀ Սահմանադրությամբ, այլ Մաքսային միության իրավական նորմերով: Սա արդեն իսկ հակասահմանադրական քայլ է»,-նշեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը հավելեց, թե Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ երկկողմ և բազմակողմ պայմանագրերը պետք է վերանայի ու վերստին համապատասխանեցնի Մաքսային միության իրավական նորմերին:
«Այդ պայմանագրերը մինչև Մաքսային միության անդամակցելու հարցի առաջ գալը՝ գործողության մեջ են մտել միայն Սահմանադրական դատարանի հաստատումից հետո՝ որպես Սահմանադրությանը համապատասխանող իրավական նորմեր: Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. երեք երկրներից՝ Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից կազմված այդ Մաքսային միության տարածքը հանգեցնելու է Հայաստանի մեկուսացմանը, որովհետև այս նույն փաստաթղթով նախատեսվում է վերանայել այն խոչընդոտները, որոնք Մաքսային միությանն առաջադրման հետ կապված կարող են առաջանալ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կազմում ՀՀ-ի ընդունած որոշումները»,-փոխանցեց իրավապաշտպանը:
Ըստ Արթուր Սաքունցի, եթե զուտ տնտեսական տեսանկյունից նայենք, կտեսնենք, որ այդ 3 երկրների շուկան շատ ավելի փոքր է, քան համաշխարհային շուկան:
«Մեր ամբողջ օրենսդրական դաշտը համապատասխանեցնում ենք ավելի փոքր շուկային, և անդամագրվում ենք մի տեղ, որը կհանգեցնի ՀՀ մեկուսացմանը: Սա շատ տխուր հետևանքներ կարող է ունենալ»,-նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, թե Հայաստանը Վրաստանի հետ ունի մի շարք պայմանագրեր, որոնք վերստին պետք է վերանայվեն այդ նույն տրամաբանությամբ:
«Բոլոր առումներով այս փաստաթուղթը Սահմանադրության ոգուն է դեմ»,-նկատեց նա:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/02/05/saqunc/