Սարքե՞լ են քաղաքացու գլխին
00:00, November 27, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՎանաձորցին կասկածվում է դատավորի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
34-ամյա վանաձորցի Աշոտ Հարությունյանը կասկածվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Աշոտի հայրը՝ Սամվել Հարությունյանը, պնդում է, որ ոչ թե իր որդին է բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այլ նրանք են բռնություն գործադրել որդու նկատմամբ եւ պատասխանատվությունից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով գործ հարուցել որդու դեմ: Ասում է, որ իր տղային վերագրվող արարքը որեւէ կերպ չի հիմնավորվում եւ չի համապատասխանում իրականությանը. «Այն սուտ է սկզբից մինչեւ վերջ: Իրականում դատավոր Ա. Թովմասյանն ինքն է հրահրել վեճը, բազմիցս ունեցել է այն կանխելու հնարավորություն եւ չի կանխել, մյուս կողմից էլ՝ տղայիս նկատմամբ կազմակերպված արհեստական ապացույցներ ստեղծելով՝ կատարել է սուտ մատնություն»:
Բռնությանը ակամա ներկա գտնվող Նունե Պառավյանն էլ, ում առանց ծանուցագրի 2 անգամ հրավիրել են ոստիկանություն, զարմացել էր նորությունից. «Զարմացա, որ իմացա՝ համ ծեծեն, համ իրանք անմեղ դուրս գան, մի քիչ ճիշտ բան չի դա»:
Ըստ նախնական տեղեկությունների, Աշոտը 2010թ. նոյեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում Ստեփանավանի մթերային խանութներից մեկում գնումներ կատարելիս հանդիպել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Ա. Թովմասյանին, ում ճանաչելով որպես 2010թ. հոկտեմբերի 28-ին իր եւ հոր՝ Ս. Հարությունյանի վերաբերյալ քաղաքացիական գործով իրենց շահերին ի վնաս վճիռ կայացրած դատավորի, նրա հասցեին անհարգալից արտահայտություններ է արել՝ պահանջելով առանձնանալ եւ զրուցել: Դատավորը, տեսնելով, որ նա հարբած է, խուսափելով նրա հետ առնչվելուց, հեռացել է եւ իր ավտոմեքենայով մեկնել դատարանի հիշյալ նստավայր՝ մտնելով կողմնակի անձանց համար մուտքը արգելված՝ ցանկապատված բակի տարածք: Աշոտ Հարությունյանն էլ վերջինիս հետեւից, առանց համապատասխան թույլտվության, մտել է նույն պահպանվող տարածք, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել Ա. Թովմասյանի հասցեին, այդ ընթացքում չի ենթարկվել իրեն կարգի հրավիրող դատական կարգադրիչների օրինական պահանջներին՝ վերջիններիս նկատմամբ գործադրելով կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, քաշքշել է նրանց՝ փորձելով մոտենալ եւ հարվածել դատավոր Ա. Թովմասյանին, ինչը նրան թույլ չեն տվել: Այնուհետեւ իր հետ որպես ուղեւոր ավտոմեքենայում գտնվող Նունե Պառավյանին տուն է տարել, եւ շուրջ 10 րոպե անց կրկին վերադառնալով՝ դատարանի մուտքի դարպասների մոտ շարունակել է վիրավորական արտահայտությունները դատավորի հասցեին, սեռական բնույթի հայհոյանքներ եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով նրան՝ պահանջել է դուրս գալ ու իր հետ գնալ, առանձին խոսել, որի ընթացքում դատական կարգադրիչները, նրան կարգի հրավիրելով, պահանջել են, որ վերջ տա ու հեռանա: Սակայն Ա. Հարությունյանը չի ենթարկվել վերջիններիս պահանջներին:
Դեպքի հաջորդ օրը Ա. Հարությունյանը ձերբակալվել է:
Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վ. Հովնանյանի նախագահությամբ, մերժել է պաշտպան Ա. Ալոյանի՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
Այժմ Աշոտ Հարությունյանը կալանավորված է եւ մինչ նախաքննության ավարտը գտնվելու է «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Դատարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ քանի առկա է հիմնավոր կասկած, թե մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց՝ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ինչպես նաեւ, որ նրան մեղսագրվող հանցագործության համար նախատեսվող ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը 1 տարուց ավելի է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը նաեւ կասկած հայտնեց, որ թեեւ արդեն 10 օրից ավելի է, ինչ գործը նախաքննության փուլում է, բայց շատ կարեւոր ապացույց դեռ չի հետազոտվել. «Տվյալ տարածքը նկարահանվում է, ինչը տվյալ գործով հիմնական ապացույցը կարող է լինել տվյալ անձին մեղադրանք առաջադրելու համար, սակայն մինչ օրս այն չի հետազոտվել ու առանց հետազոտվելու անձին կալանավորել են»:
Հայրն էլ ավելացնում է, որ որդուն հնարավորություն չեն տվել դեպքի առիթով բողոքել, նրան վաղ առավոտյան առանց ծանուցագրի եկել-տարել են, որպեսզի չկարողանա հիվանդանոց գնալ, համապատասխան մարմիններին բողոքել, իսկ որդու ցեխոտված հագուստն էլ ինքն անձամբ է տարել Ստեփանավանի բաժանմունք՝ փորձաքննության նպատակով:
ԼՄ քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Ա. Գալստյանն էլ հայտնեց, որ գործը նախաքննության փուլում է. «Բազմակողմանի քննություն կտարվի ու կպարզվեն դեպքի հանգամանքները»: