Սաքունցը կասկածներ ունի, որ այսօր էլ զինծառայողներին գոմեշի միս են տալիս
07:09, January 29, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Որևէ ցուցանիշով՝ նկատի ունեմ թե մահացությունների թվով, թե կանոնադրությունների, հարաբերությունների խախտման, իրավիճակի, թե զորակոչի ընթացքում խախտումների տեսակետից, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից, քրեական գործերով մահացության դեպքերով քննության տեսակետից, բանակի հաշվետվողականության տեսակետից, որևէ ցուցանիշով չեմ կարող ասել, որ իրավիճակը շտկվել է: Կարող են փոխել անձանց՝ ռազմաբժշկական հանձնաժողովի պատասխանատուին, գլխավոր շտաբի պետի տեղակալին, բայց անձերը փոխում են, իսկ իրավիճակը նույնն է մնում»,- galatv.am-ի հետ զրույցում, կարծիք հայտնելով բանակում տիրող իրավիճակի և առկա խնդիրների մասին, իր մտահոգությունը հայտնեց իրավապաշտպան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ևս մեկ անգամ բարձրացրեց մեծ աղմուկ հանած գոմեշի մսի մատակարարման հարցը՝ հիմնավոր կասկածներ հայտնելով, որ հնարավոր է, ու ոչ ոք չի ժխտում, որ այսօր էլ կարող է հայրենի սահմանները պաշտպանողին հրամցնեն գոմեշի միս:
«Գոմեշի մսի հարցով ամենաբարձր մակարդակով հարց բարձրացվեց, անգամ շտաբի պետի տեղակալ հանվեց, ապա հիմա հարց եմ տալիս, խնդրում եմ ինձ պատասխանեք՝ գոմեշի մսի մատակարարում կա՞, թե՞ ոչ, և մսի մատակարարումը ո՞վ է իրականացնում: Որովհետև, ըստ իմ ունեցած տեղեկությունների, մատակարարումը վերստին Կապանի մսի կոմբինատն է իրականացնում: Կամ թող ասեն՝ ո՞ր ընկերությունն է մրցույթով հաղթել և զինված ուժերում պետք է մատակարարի խոզի միս: Ըստ իմ տեղեկության՝ այդ ընկերությունների հետևում նորից բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, և նրանք են իրապես մասնակցում մրցույթին, որոնց օգնությամբ և հովանավորությամբ են այդ ընկերությունները մրցույթ շահում»:
Ա. Սաքունցի վստահեցմամբ այդ պաշտոնյաները թաքնվում են իրավապահ համակարգում, զինդատախազության, ՊՆ համակարգում: «Այս ամեն ինչը պետք է փարատվի: Մի կողմից ասում են՝ գաղտնիք է, մյուս կողմից՝ միակողմանի կիսատ-պռատ տեղեկություններ են տալիս, և հասկանալի չէ՝ ի վերջո այդ ընկերությունների թիկունքում ովքե՞ր են կանգնած:
Կոռուպցիոն համակարգի պայմաններում պատահական կազմակերպություններ մրցույթ չեն կարող շահել»: