Սաքունցը պատրաստվում է ուսումնասիրել մահացած զինծառայողի բժշկական թղթերը
14:29, December 4, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Ես պատրաստվում եմ ուսումնասիրել Արթուր Քոչարյանի բժշկական թղթերը, որպեսզի տեսնենք՝ ախտորոշումից սկսած՝ ինչ բուժումներ են արվել, որ կարողանանք վերջնական գնահատականներ տալ պատահածի կապակցությամբ»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին մահացել է արյան սուր հիվանդությամբ տառապող զինծառայող Արթուր Քոչարյանը: Արթուրը ազգային բանակ զորակոչվել էր Իջևանի զինկոմիսարիատից, ծառայում էր Սովետաշենում, իսկ դեկտեմբերի 29-ին պետք է զորացրվեր: Արթուրի հայրը պատմել է, որ Արթուրը բանակ զորակոչվել է լիովին առողջ վիճակում, սակայն ծառայության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է հիվանդություն: «Արյան սուր հիվանդություն էր տղայիս մոտ, բուժման համար գումար էին խոստացել տալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ձգձգեցին, իսկ արդյունքը եղավ այն, որ իմ տղան մահացավ»,- ասել է զինվորի հայրը:
Արթուր Սաքունցը նշեց, որ ընդունում է զինծառայողի հոր բողոքը: Սաքունցի խոսքով՝ կան շատ դեպքեր, որոնք մտահոգություն են առաջացնում զինծառայողների առողջական խնդիրների կապակցությամբ, երբ զինծառայողներին ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որի արդյունքում զինծառայողները մահացել են, օրինակ՝ ջրծաղիկ հիվանդությամբ տառապող Հայկ Խաչատրյանի դեպքը, ստամոքսի խոց հիվանդությամբ՝ Աշոտ Սարդարյանի դեպքը:
«Կան մտահոգություններ և հիմքեր՝ պնդելու, որ ՊՆ կողմից ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով մարդիկ մահացել են: ՊՆ լրատվության բաժինը կարող է շատ բան հերքել, բայց մենք էլ ունենք շատ ապացույցներ, որտեղ ՊՆ-ն չունի ոչինչ հերքելու»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/saqunc-artur_0312.html