ՍԴ նախագահ. Ո՞վ իրավունք տվեց նման մեկնաբանություններ անել, վերածել արդարադատությունը կարիկատուրայի
07:44, June 5, 2013 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՍահմանադրական դատարանը որոշեց հետաձգել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա գործի այսօր նշանակված դատաքննությունը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
ՍԴ-ն պետք է որոշեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Վիճարկվող դրույթով սահմանվում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
Գործի դատաքննությունը հետաձգելու մասին որոշումը ՍԴ-ն կայացրեց, ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման և գործի հանգամանքների առավել ամբողջական ու համակողմանի քննության անհրաժեշտությունից: Նաև որոշվեց դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով:
Նկատի ունենալով, որ «քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ» և հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լսել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները, ՍԴ-ն անհրաժեշտ համարեց գործի դատաքննությանը հրավիրել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավասությամբ օժտված ներկայացուցչին և առաջարկել Վճռաբեկ դատարանին ապահովել վերջինիս մասնակցությունը դատաքննությանը:
ՍԴ-ն որոշեց նաև ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել մեկամսյա ժամկետում ՍԴ ներկայացնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2006թ.-ից քննության առած առանց բացառության բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները: Ինչպես նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, սա անհրաժեշտ է, որպեսզի ՍԴ-ն կարողանա ամփոփել և հստակ դիրքորոշում տալ բոլոր որոշումների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:
ՍԴ-ն նաև առաջարկեց գործով զեկուցող՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ՍԴ-ի որոշումների առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վրա և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Մենք, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն կունենանք այդ դիրքորոշումների վերաբերյալ մեր դիրքորոշումներն արտահայտել և որոշակի մոտեցումներ, որպեսզի հստակություն կարողանանք մտցնել և այս թեման փակել»,-ընդգծեց ՍԴ նախագահը, հավելելով, որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի այնպիսի որոշում կայացնել, որը նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետության հարցում կապահովի հստակ տեղաշարժ:
Գ.Հարությունյանը նաև խնդրեց գործով պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչներին բանավոր դատաքննության ընթացքում իրենց մոտեցումներն արտահայտել իրավակիրառ դատական պրակտիկայի վերաբերյալ, քանի որ խորհրդարանն «իր իսկ ընդունած օրենքների կողքից անտարբեր անցնել չի կարող, և սրանց վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշումներ լինեն»:
Նա ԱԺ ներկայացուցիչների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց այն փաստի վրա, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը «փորձել է մեկնաբանություններ տալ սահմանադրական նորմին և Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթներին, պարզաբանելով կամ դիրքորոշում ձևավորելով, թե ինչ բան է ակտի կիրառում, և Սահմանադրական դատարանը, իրենց կարծիքով, ինչպես պետք է հասկանա, թե ակտի կիրառումն ինչ է նշանակում»:
«Նրանց դատողությամբ՝ կիրառված նորմը վերաբերում է միայն Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշումներին: Եթե Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումը, և այդ վերադարձման դիմումում ինչ-որ նորմ չի կիրառել, ապա դիմողն այն նորմը, որն իր համար իրավական հետևանք է առաջացրել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի կողմից ընդունված վճռով, որը հետագա ատյաններում չի քննվել ըստ էության, պարզապես նա վերադարձման որոշում է կայացրել, պարզվում է, եթե վերադարձման որոշման մեջ այդ նորմը վկայակոչված չէ, ուրեմն չի կիրառվել: ՍԴ-ն, եթե այդ նորմի սահմանադրականությունն է քննում, ուրեմն գերազանցում է իր լիազորությունները»,-վրդովված հայտարարեց Գ.Հարությունյանը՝ միաժամանակ հարց ուղղելով. «Ո՞վ իրավունք տվեց, ի՞նչ հիմքի վրա, ինչպե՞ս կարող է նման մեկնաբանություններ անել, վերածել ընդհանրապես արդարադատությունը կարիկատուրայի»:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/15777