Սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով
00:00, October 17, 2006 | Նորություններ | Ընտրական իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2006թ- ի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ, և Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցությամբ: Սեմինարի ընթացքում ներկայացվեց 2003թ-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2005թ-ի հանրաքվեի լուսաբանման դասերը:
Երևանի մամուլի տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԶԼՄ-ների մոնիտորինգի տվյալները, ցույց տալով , որ վերջիններս չեն ապահովել հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանումը նախընտրական գործընթացներում, որպես կանոն իշխանության հսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում առավել մեծ տեղ է հատկացվել գործող նախագահին՝ 2003թ-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ միաժամանակ ավելի շատ դրական ձևով: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի շատ հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանի մրցակից Ստեփան Դեմիրճյանը, բայց ՝ մեծամասամբ բացասական ձևով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը ներկայացրեց 2003-2005թթ. ընտրությունների լուսաբանման արդյունքները, նշվեց, որ տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց է տալիս, որ գործող նախագահ Ռ. Քոչարյանի լուսաբանմանը տեղական ԶԼՄ-ները տրամադրել են շատ ավելի մեծ տեղ , քան ընդդիմադիր բոլոր թեկնածուները միասին վերցրած: Միևնույն ժամանակ նախընտրական գործընթացների շատ փաստեր և երևույթներ, որոնց տեղյակ է լինեում ընտրողը, իրենց լուսաբանումը չեն գտնում ԶԼՄ-ներով , ինչն էլ ընտրողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել թեկնածուների մասին և կատարել ճիշտ ընտրություն: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց իրենց կողմից նախատեսվող ծրագրերի մասին՝ 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Նա նշեց, որ այդ ծրագրերում կարևոր տեղ է հատկացվելու թեկնածուների և կուսակցությունների նախընտրական ծրագրերին, հասարակությանը ծանոթացնելու են, թե կուսակցությունները ինչքանով են հավատարիմ մնացել նախորդ ընտրություններում ընտրողներին ներկայացրած ծրագրերին ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Երևանի մամուլի ակումբը ևս նախատեսում է իրականացնել ԶԼՄ-ների մոնիտորինգ, որին մասնակցելու են նաև մարզային իրնց գործընկերները: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող՝ ՀՀ օրենսդրությունում փոփոխությունների նպատակով ՀՀ կառավարության կողմից վերջին առաջարկությունների մասին: Փորձագետը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները հավանության չեն արժանացել ՀՀ ազգային ժողովի կողմից՝ շնորհիվ նաև տարբեր խմբակցությունների և կուսակցությունների հետ իրենց հանդիպումների: Հիմնական խնդիրը կայանում է նրանում , որ առաջարկվող փոփոխություններով էլ ավելի է մեծանում էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ իշխանության կողմից վերահսկման հնարավորությունները:Այդ նպատակով Երևանի մամուլի ակումբը նախաձեռնել է քննարկումներ, որոնց ընթացքում կմշակվեն օրենսդրության փոփոխության սեփական մշակումները՝ ուղղված լրատվամիջոցների անկախության ապահովմանը: