Սերժ Սարգսյանը «կեղծ ակտիվիստներով» հակահարվա՞ծ է տալիս քաղաքացիական հասարակությանը (Տեսանյութ)
16:58, February 13, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքԱրթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք կեղծ հասարակական շարժումների` «Միասին», «Հայոց արծիվներ» եւ այլն, թիվն ավելացել է, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար»,- այսօր Մեդիա կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ փոխնախագահ Սոնա Այվազյանը: Ըստ նրա. «Մենք իշխանությունների առաջ մի շարք հարցեր ենք բարձրացնում, որպեսզի նրանք լուծեն դրանք, բայց իշխանությունն այդ կեղծ շարժումներով փորձում է պայքարել մեր դեմ»:
Սոնա Այվազյանը եւ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներ հավաքվել էին` խոսելու, թե ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում որքանո՞վ են ընդգրկված հասարակայնությանը հուզող բնապահպանական, քաղաքաշինական, բանակի խնդիրներին վերաբերող հարցերը:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը հիշեցնելով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների դեպքերը՝ թվարկեց, թե այսօր ծառայության ընթացքում զինվորներն առողջության, կյանքի ինչպիսի անվերադարձ կորուստներ են ունենում: Անբավարար առողջական վիճակով բանակ զորակոչվելն, ըստ պարոն Սաքունցի, նույնպես այդ շարքից է:
Ա. Սաքունցի խոսքերով, «Հայոց արծիվները» բոլոր մարզերում գրասենյակներ ունեն, այդ ի՞նչ միջոցներով են նրանք գոյատեւում, պարզ չէ՞, որ պետական, տարեկան 10-12 միլիոն է նրանց վրա ծախսվում»: Ա. Սաքունցի մեկնաբանությունները` տեսանյութում.
Սոնա Այվազյանը կասկածի տակ դրեց ՀՀ նախագահի թկնածու Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստան» կարգախոսի իրական լինելը: Ըստ նրա` «Քանի որ Հայաստանում հնարավոր չէ իշխանությունը փոխել ընտրությունների միջոցով, պետք է ուժեղացնել քաղաքացիական նախաձեռնությունները, որպեսզի նրանք պայքարեն այդ խնդիրների լուծման համար»: Մանրամասները` տեսանյութում`
Արթուր Սաքունցը նկատեց. «Մարտի 1-ին 10 մարդ սպանվեց, այս 5 տարիների ընթացքում բացահայտվեցի՞ն այդ սպանությունները, գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպեց բանակում զոհված զինվորների ծնողների հետ, քանի՞ գործ բացահայտվեց` ոչ մի: 5 տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»:
Շարունակելով «կեղծ ակտիվիստների» թեման, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. ««Բուժքույրերի ասոցիացիան» պաշտպանում է Սերժ Սարգսյանին, հասկանում եք, կեղծ ակտիվություն է նկատվում: Մեր երկրում քաղաքացիական հասարակությունն աճում է, զարգանում է, բայց առայժմ՝ օրինակ հանրային գերակա շահի առումով միայն Ստրասբուրգում են հաջողություններ գրանցվում, երբ տեսնում ենք հանքարդյունաբերության 470 լիցենզիաները, եղածներն էլ չնչին հաջողություններ են թվում»:
Պարոն Բարսեղյանը հիշեց, որ 1998-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ 2001-ին աղետի գոտին վերակառուցված կլինի. «Եկավ 2001-ը` ասեցին 2002-ին, հետո՝ 2003-ին: Այսօր մեր տվյալներով, Գյումրիում 4500 անօթեւան ընտանիք կա, դրանք տարիների ընթացքում աճած այն ընտանիքներն են, որոնք ամուսնացել են, բազմացել, առանձնացել: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով 1500 ընտանիք է անօթեւան: Որքան շուտ լուծեն անօթեւանների հարցն, այնքան այս խնդիրը չի աճի: Գյումրիում աղքատությունը 47 % է»:
Վերլուծելով Ա. Սաքունցի ներկայացրած թվերը՝ բանակում մահացած զինվորների վերաբերյալ, ասաց. «4 տարվա ընթացքում բանակում 194 զոհ է եղել, որոնցից 50-նն է սահմանին` հակառակորդի գնակից զոհվել, մնացած զոհվածները ներբանակային վիճակում է եղել»:
Լեւոն Բարսեղյանի խոսքերով, այսօր բանակի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն փակ է. «Ձեզ չենք ասում, թե հրապարակեք բանակին մատակարարվող տավարի մսի քանակը կամ կարտոֆիլի, բայց պետք է հրապարակվի մատակարարի անունը»:
Ակտիվիստ Վարդան Գերավետյանն էլ բարձրացրեց ԱՕԿՍ-ի շենքի քանդման հարցը. «Ի պաշտոնե մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի այդ հարցով, դիմի ոստիկանություն, դատախազություն, սակայն ոչինչ չի անում: Հայտարարում են թե ոչ մի բան չի քանդվել, ապամոնտաժվել է, բայց ոչ քարերը կան, շենքի մի մասն էլ քանդվել է»:
Քննարկման մասնակիցները քաղաքացիական հասարակության պայքարի արդյունքում ձեռքբերումներից առանձնացրեցին Մաշտոցի պուրակը կրպակներից ազատագրելը, Թռչկանի ջրվեժի ու Թեղուտում որոշ հաջողությունների հասնելը:
«Ժառանգություն» կուսակցության շտաբի քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը համաձայն չէր Արթուր Սաքունցի այն ասածներին, թե խորհրդարան ներկայացված քաղաքական ուժերը չեն բարձրաձայնում վերը թվարկված խնդիրների մասին: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը 5 տարի չի մոտեցել քաղաքացիներին եւ երբ հիմա մոտենում է, նրա համար էլ անսպասելի խնդիրներ են առաջանում:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/02/13/196446
Տե՛ս նաև՝
«Մեր քաղաքի» ներկայացուցիչը համոզված է, որ իրենք արդյունքի հասել են – panorama.am
Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար» – medialab.am