Սերժ Սարգսյանը զզվում է բանակի խնդիրների մասին խոսողներից. քննարկում
20:30, February 13, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Ընտրական իրավունք | Զինված ուժերԹեղուտում հանք շահագործելու մասին բնապահպանների՝ դեռևս 2008 թվականի ընտրություններից առաջ հնչեցրած մտահոգություններին թեկնածու Սերժ Սարգսյանը չէր արձագանքել. այդ ժամանակ դրանց պատասխանել է Վազգեն Մանուկյանը, Արթուր Բաղդասարյանը, ովքեր հիմա հայտնի պատճառներով լռում են: Այս մասին բնապահպանական, քաղաքաշինական, ինչպես նաև բանակին առնչվող խնդիրների քննարկմանն ասել է «Թրանսպարենսի ինտերնեյշնլ» ՀԿ-ի փոխնախագահ Սոնա Այվազյանը՝ նշելով, որ այժմ էլ Թեղուտը և այլ բնապահպանական հիմնախնդիրներ դուրս են մնացել Սարգսյանի նախընտրական ծրագրից:
«Ցինիզմ է այն, որ գործող նախագահը, ում իշխանությունը 5 տարի է՝ զբաղվում է բնության ավիրմամբ, իր նախընտրական սիմվոլնեից մեկն էլ ընտրել է տերևը: Անբարոյական է նաև այն, որ նախընտրական տեսահոլովակներում օգտագործում է ակտիվիստների փոքր հաջողությունները և դրանք ներկայացնում է որպես իր ձեռքբերումը»,- ասել է Այվազյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով գործող նախագահի մոտեցմանը բանակի խնդիրներին, ասել է, որ նախագահը զզվում է այդ խնդիրների մասին խոսող մարդկանցից և կարծում է, թե միայն ինքն իրավունք ունի նկատել այդ խնդիրները, իսկ մյուսները դիտողություն անելու դեպքում համարվում են դավաճան: «Մտել ես պայքարի մեջ, ոչ մի բան չես արել հինգ տարվա մեջ, որևէ կոնցեպցիա չես առաջարկել, որ ի՞նչ անես»,- ասել է Արթուր Սաքունցը:
Քննարկման մյուս մասնակից, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասել է, որ բանակում դեռ առկա է Խորհրդային Միության ազդեցությունը, և իբր ռազմական գաղտնիք չբացահայտելու անվան տակ գաղտնի են պահվում, օրինակ, տավարի մսի, ատամի մածուկի և այլ ապրանքների մատակարարման մրցույթի մասնակիցները: Ըստ Բարսեղյանի՝ այդ ավելորդ գաղտնապահությունը բերում է կոռուպցիոն ռիսկերի մեծացման:
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բերում է կոռուպցիայի մեծացման, քանի որ հանցագործության մասին հաղորդումը նոր կաշառք վերցնելու հիմք է տալիս»,- ասել է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.epress.am/2013/02/13/Սերժ-Սարգսյանը-զզվում-է-բանակի-խնդիրն.html