Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացվել. Արթուր Սաքունց
14:26, February 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը NewsBook-ին տեղեկացրեց, որ իրենք արդեն վճռաբեկ դատարան են դիմել` Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումի կապակցությամբ:
Սակայն, Սաքունցի տեղեկացմամբ, իրենք դեռ պատասխան չեն ստացել: «Մենք դեռ պատասխան չենք ստացել: Այս դեպքում ժամկետ կա՝ օրենքով նախատեսված»,- ասաց Սաքունցը: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի՝ 2013թ. սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները: 2013թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:
Համաձայն չլինելով որոշման հետ` 2013 թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպության կողմից ՀՀ վարչական վերաքննիչ դատարան էր ներկայացվել վերաքննիչ բողոք, որը վարույթ էր ընդունել 2013 թ. դեկտեմբերի 27-ին: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշել էր մերժել ներկայացված բողոքը և անփոփոխ թողնել ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am