Սերժ Սարգսյանի դեմ դատական հայցի վերաբերյալ հնչած քննադատություններին հայցվոր Սաքունցի արձագանքը
06:03, January 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններHCAV-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումը` Ս.Սարգսյանի` Մաքսային միությանը անդամակցելուն ուղղված 2013 թ. սեպտեմբերի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Տեղեկատվության տարածումից հետո մամուլում քննարկումներ սկսվեցին այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը զուր տեղը հրճվանք է ապրում, քանի որ հայցը դատարանում կլսվի, հանդես կգան համապատասխան կողմերն ու դե յուրե կհաստատեն, որ Սարգսյանի գործողությունները եղել են իրավաչափ: Այսինքն` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի միջոցով կհաստատվի Սարգսյանի գործողությունների լեգիտիմությունը։ Ուստի կասակածի տակ է առնվում այն հանգամանքը, որ հայցը կլինի հօգուտ ՀՀ-ի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի:
Արթուր Սաքունցը NewsBook-ի հետ զրույցում արձագանքել է հնչած կարծիքին: «Դատարան դիմելով` մենք Մաքսային միությանն անդամագրման վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակից ենք դարձնում նաև դատական իշխանությանը, որովհետև Ազգային ժողովն, ըստ էության, որևէ պահանջ չներկայացրեց Սերժ Սարգսյանին, որպեսզի նա Ազգային ժողովում գոնե տեղեկություններ ներկայացնի իր որոշման մասին: Կառավորությունը կատարեց Սարգսյանի հրամանն այս հարցում, ուստի մնում է միայն մյուս իշխանության մարմինը` դատական իշխանությունը, որն իր սեփական նախաձեռնությամբ չի կարող հարցը քննարկման առարկա դարձնել: Ուստի դիմելով դատարան` մենք նպատակ ունենք դատական իշխանությանը ևս մասնակից դարձնել այս հարցի քննարկմանը»,- ասաց Սաքունցն ու հավելեց, որ դատարանն իր որոշմամբ կարտահայտի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ և հետագայում չի կարողանա «ջրից չոր դուրս գալ»:
«Հետո չեն կարող ասել` մեզ ոչ ոք չի դիմել, մենք չէինք կարող որևիցէ բան ասել, ներկայացնել մեր դիրքորոշումները»,- բացատրեց Սաքունցը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am