Սերժ Սարգսյանի ծրագիրն է՝ զրոյացնել իր մրցակիցներին
16:53, October 3, 2012 | Նորություններ«Ազգային ժողովը քաղաքական պատվեր կատարեց ՝ Օսկանյանին զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից ու վերահաստատելով որ Ազգային Ժողովը ոչ թե քաղաքական մարմին է, այլ քաղաքական պատվեր կատարող մարմին է»,- այսօր ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խոսելով Վարդան Օսկանյանին զրկելու ԱԺ քվեարկությունից: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի այս քվեարկությունը հեղինակազրկեց հենց Ազգային ժողովին, բոլորին ապացուցելով, որ հայ քաղաքացիները չունեն իրապես Ազգային ժողով: Սաքունցի համոզմամբ՝դատախազի միջնորդագրում ոչ մի իրավական հիմքեր չկային Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Ըստ իրավապաշտպանի, հերթական նախագահական ընտրություններից առաջ ոչ քաղաքական գործոնները ավելի կարևոր նշանակություն են ստանում, քան քաղաքական գործոնները:
«Մենք նախագահ չունենք, մենք ունենք ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ: Սերժ Սարգսյանի հիմնական ծրագիրն է, որպեսզի ինքը միշտ մեռցնի երկրում քաղաքական գործոնները , զրոյացնի իր հակառակորդներին և կրկին բազմի նախագահական աթոռին»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: