Սկսվել են քննարկումները Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքների շուրջ
00:00, July 1, 2008 | Պացիենտների իրավունքներ2008թ. հունիսի 28-ին Լոռու մարզպետարանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մոնիթորինգի արդյունքում ձևակերպված խնդիրների շուրջը կայացավ քննարկում:
Քննարկումը նախաձեռնել էր Լոռու մարզի փոխմարզպետ Արսեն Դարբինյանը՝ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված գրության հիման վրա: ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալը պաշտոնական գրությամբ Լոռու մարզպետարանին էր ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում բացահայտած խնդիրները՝ միաժամանակ առաջարկելով քննության առնել դրանք, դրանց լուծմանն ուղղված միջոցներ ձեռք առնել և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ս.Լամբարյանը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Քննարկման մասնակիցները նախ հստակեցրեցին իրենց մոտեցումները Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ:
«Մեր ուսումնասիրությունների նպատակը ոչ թե խնդիրների ուղղակի հրապարակումն է, այլ բացահայտված խնդիրների կապակցությամբ համակարգի ինստիտուցիոնալ բարելավմանն ուղղված համատեղ առաջարկությունների մշակումը»,-նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Այս պատճառով էլ ուսումնասիրությունների արդյունքները կից գրությամբ կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ Առողջապահության նախարարություն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր: Կազմակերպությունը միաժամանակ գրությամբ տեղեկացրել է, որ նախատեսում է արդյունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել և դիմել է ՀՀ Առողջապահության նախարարությանը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին՝ ուսումնասիրությունների վերաբերյալ իրենց դիտողությունները նախապատրաստել այդ քննարկումներին մասնակցելու համար: ՀՀ Առողջապահության նախարարությունն իր մասնակցության կամ դիտողությունների վերաբերյալ կազմակերպությանը պատասխան գրություն չի ուղարկել: Փոխարենը ՀՀ Առողջապահության նախարարությունը որպես ենթակա կառույց հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել Լոռու մարզպետարանին:
Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, ինչպես նաև հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը բացահայտված խնդիրների մի մասը պայմանավորում են ՀՀ-ում տիրող ընդհանուր սոցիալ-տնտեսական, քաղաքական պայմաններով: Նրանց բացատրությամբ՝ այդ խնդիրները ավելի շատ համակարգային են և հատուկ չեն միայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին: Միաժամանակ նրանք ներկայացրեցին ըստ իրենց այն թերություններն ու բացթողումները, որոնք կազմակերպության աշխատակիցները թույլ են տվել ուսումնասիրություններ իրականացնելիս: Նրանց տեսակետով՝ լավ կլիներ, որ կազմակերպությունը քննարկումներ կազմակերպեր դեռևս ուսումնասիրությունների նախնական արդյունքերի շուրջ:
Քննարկման մասնակցիներն ընդհանուր համաձայնությամբ որոշեցին կազմակերպել համատեղ աշխատանքային հանդիպումներ՝ բացահայտված խնդիրների լուծման կապակցությամբ համատեղ առաջարկությունների մշակման նպատակով:
Աշխատանքային հանդիպումների արդյունքում մշակված առաջարկություններն էլ կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու խնդրանքով:
Տեղեկացնենք, որ 2007թ. հոկտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մոնիթորինգներ է իրականացրել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը, Վանաձորի մանկատանը:
Մոնիթորինգների արդյունքում տպագրվել է «Մարդու իրավունքները Լոռու մարզում. Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի մանկատանը, Վանաձորի ծերատանն իրականացված մոնիթորինգի արդյունքները» զեկույցը, որին դուք կարող եք ծանոթանալ կազմակերպության www.hcav.am էլեկտրոնային էջում: