Սյունիքի մարզպետն անպատիժ է մնացել, այն իմաստով, որ մինչև հիմա պաշտոնավարում է
07:47, June 3, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՍյունիքի մարզի Գորիս քաղաքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին մեր լրագրողը զրուցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-Պարոն Սաքունց, ի՞նչ գնահատական կարելի է տալ կատարվածին:
-Դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտակայքում՝ նրա թիկնապահների մասնակցությամբ, զենքի կիրառմամբ, որի հետևանքով Բուդաղյան եղբայրներից մեկը մահացել է, որը նախկին ընտրություններում քաղաքապետի թեկնածու է եղել, ասեմ, որ ես այդ ընտրությունների ժամանակ որպես դիտորդ մասնակցել եմ, և փոքր-ինչ տեղյակ եմ, որ Սյունիքի մարզպետը ոնց էր աջակցում էսօրվա գործող քաղաքապետի թեկնածությունը, և բավականին լուրջ պայքար էր, չնայած ես չէի պատկերացնում, որ այդ հարցերը, որոնք այն ժամանակ կարող էին լինել, ժամանակի ընթացքում կարող էին նման կերպ դրսևորվել, էն էլ ԼՂՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում: Բայց առաջինը, որ մեր մոտ մշակույթ է դառնում, որ վիճաբանության հարցերը նույնիսկ պաշտոնատար անձանց մակարդակում կարող են լուծվել զենքի միջոցով:
-Հիշում եք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտարարեց, որ արյունների ժամանակն անցել է, այսուհետ զենքով հարցեր չեն լուծվելու, փաստորեն տեղի ունեցածն այլ բան ապացուցեց…
-Գյումրին ՀՀ ընդամենը մի քաղաք է, կրիմինալ է ամբողջ ՀՀ-ում, և իշխանությունը ինքը ակնհայտ կրիմինալի մասնակցությամբ և պետական ռեսուրսների քրեական վարքագծով կիրառման արդյունքում եկավ իշխանության, իսկ վերջին ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ արդեն թաղային կրիմինալի անմիջական աջակցությամբ, էնպես որ կրիմինալ վարքագիծը, և մտածողությունը ինքը տիրապետող դեր ունի, ցավոք սրտի, և մենակ Գյումրին չէ: Հիշենք Սյունիքի մարզպետի ամբողջ կենսագրությունը, որպես մարզպետ ի նկատի ունեմ, նրա վարքագիծը, թե այդ ընթացքում քանի հոգու նկատմամբ է բռնություն կիրառել: Այդ ամբողջ պատմություններին պետք է տրվեր իրավական գնահատական, և ոչ միայն Սյունիքի մարզպետի, այլ բոլոր պաշտոնատար անձանց քրեական վարքագծին, այդ թվում և ռազմական ոստիկանության նախկին պետը, որ բռնությունները զինծառայողների նկատմամբ քրեական հանցագործությունների բացահայտման նպատակով ոնց էին կիրառվում, կամ հանցագործությունների մեջ անմիջական մասնակցություն ունեցած բարձրաստիճան զինվորականների հանցագործությունները ոնց են կոծկվել: Ամբողջական պատկերը առկա է, և դա բոլորը լավ գիտեն, զենքը որպես խնդիրների լուծման միջոց, ցավոք սրտի, տեղ ունի պետական ապարատում: Նույնիսկ այդ պաշտոնական այցը երաշխիք չի հանդիսացել, որ այդ բռնության մշակույթը բացառվի:
Հարցն այն է, որ անպատժելիությունը այնպիսի մակարդակի է հասել, որ տարածվել է համակարգի ներսում, և մեկը մյուսի նկատմամբ այդ անպատժելիության գաղափարից ելնելով բռնություն է կիրառում:
-Սուրեն Խաչատրյանին վերջերս Սերժ Սարգսյանը նաև խրախուսեց՝ պարգևատրելով Մարտական երկրորդ խաչ շքանշանով, հիմա կպատժե՞ն, թե՞ անպատիժ կթողնեն:
-Միշտ էլ էդպես է, դա հենց անպատժելիության խրախուսումն է, խրախուսումը շքանշանների ձևով: Արդեն ինքը անպատիժ է մնացել, այն իմաստով, որ մինչև հիմա պաշտոնավարում է:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/artur-saqunc_0206.html