Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է որդուն. ըստ վերլուծաբանների, «եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի»
07:59, June 5, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունքԳորիսում տեղի ունեցած սպանությունից հետո ոչ թեՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) պետք է հայտարարի իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հատկապես որ օրենքով էլ դա ամրագրված չէ, այլ պետք է առնվազն հրաժարական տա:
Այս կարծիքին է իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով «Մեդիալաբին» ասում է, որ այնպիսի տպավորություն է, թե Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է իր տղային: Սաքունցը նկատում է, որ Սուրեն Խաչատրյանի պատասխանատվության չափը համարժեք չէ, ավելին, նա շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և շարունակելու է իր գործունեությունը: Դա այն դեպքում, երբ սպանությունը եղել է Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ, իսկ, ըստ մամուլի հրապարակումների, մարզպետն է եղել վիճաբանության ժամանակ հայհոյողը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին, հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար)։
Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը, և նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Դեպքից հետո Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ մինչև նախաքննության ավարտը ժամանակավորապես դադարեցնում է իր լիազորությունները:
Արթուր Սաքունցն ասում է, որ պետք է խոսք լինի ոչ միայն կալանավորվածների նկատմամբ մեղադրանքի խստացման, այլ նաև հանրության առաջ պաշտոնատար անձանց պատասխանատվության մասին:
Ստեղծված անպատժելիությունը, ըստ Սաքունցի, հետևանք է նրա, որ նախկինում մարզպետն ու նրա մերձավորները հանցանքի դեպքում պատիժ չեն կրել: «Լիսկայի կողմից նախկինում կատարված արարքներին համարժեք իրավական գնահատական չի տրվել, քաղաքական պատասխանատվությունը բացակայել է, մյուս կողմից էլ` հովանավորչություն է եղել: Անպատժելիությունը հանգեցրել է սրան»,- ասում է Սաքունցը: Նա նշում է, որ տեղի ունեցածի համար միայն Սուրեն Խաչատրյանը չի պատասխանատու, նա արել է այն, ինչ միշտ է արել: «Պարզապես ոչ հարմար պահին է եղել, ոչ հարմար մարդկանց հետ: Հերթական անգամ զինված ուժերի սպայի նկատմամբ է եղել ոտնձգություն, բայց եղբայրն է սպանվել: Այսինքն՝ սա շարունակական անպատժելիության հետևանք է»,- ասում է նա:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դրական է համարում այն, որ հանցագործին պատժում են: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, թե ինչո՞ւ են հենց այս փուլում պատժում:
«Չկան ընտրություններ, և կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ այդ մարդկանց հանդեպ վարվել այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Մինչդեռ եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է բավական ծանր երկընտրանքի առաջ: Մի կողմից ինքը պատժում է այդ մարդկանց, կորցնում է իր հենարանը, որովհետև այդ մարդիկ են իրեն ձայներ ապահովում: Իսկ եթե ինքը չի պատժում այդ մարդկանց, պետությունը սկսում է կամաց-կամաց քայքայվել: Երբ Սուրեն Խաչատրյանն ու նրա հարազատները կարող են մարդ սպանել, ապա հարց է ծագում` ինչո՞ւ չի կարելի սպանել այն մարդուն, ով սպանեց զինծառայող Լյուքս Ստեփանյանին: Այսինքն՝ սա բերում է նրան, որ երկրի կյանքում սպանությունները դառնում են բնականոն երևույթ, որը բերում է բոլոր ինստիտուտների՝ բանակի, ոստիկանության և այլ կառույցների քայքայման»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը, գտնվելով երկու քարի արանքում, այսօր փորձում է հավասարակշռված որոշումներ կայացնել, որոնցից մեկն էլ սա է: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ըստ Երվանդ Բոզոյանի, Սուրեն Խաչատրյանն ու նրա հարազատները պետք է վաղուց բանտում լինեին:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ մամուլում բազմիցս եղել են: Եվ չնայած դրան, ո´չ մարզպետը, ո´չ էլ նրա հարազատները չեն պատժվել: Ավելին, բոլորովին վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրել:
Ըստ մամուլի՝ տարբեր տարիների հրապարակումների՝ Սուրեն Խաչատրյանի եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անունները կապվել են Սյունիքի մարզում տեղի ունեցած մի շարք խոշոր հանցագործությունների հետ:
Այդ հանցագործութունների թվում են Գորիսի հանրախանութում երիտասարադ աղջկա բռնաբարության դեպքն ու մի երիտասարդի սպանությունը:
Ըստ Aravot.am-ի՝ Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց ուսով դիպչելու համար:
Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը և վերև քաշել: Ոչ վաղ անցյալում հենց անձամբ մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում ապտակեց կին գործարար Սիլվա Համբարձումյանին ու անպատիժ մնաց: Սիլվա Համբարձումյանը բազմիցս բարձրաձայնել էր, որ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող ոսկու հանքից 102 մլն դրամ սարքավորում է գողացել:
Wikileaks կայքում հրապարակված մի փաստաթուղթ, թվագրված 2008-ի հունիսով, փաստում էր, որ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Պետդեպարտամենտին ներկայացրել էր պատմություն այն մասին, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դաժան ծեծի ենթարկել 16-ամյա մի տղայի, և թե ինչպես են Հայաստանի պետական մարմինները կոծկել այդ հանցանքը: Ըստ աղբյուրի՝ Սուրեն Խաչատրյանը պատանուն ծեծել էր՝ որպես վրեժ իբրև թե վերջինիս կողմից իր որդուն ծեծի ենթարկելու դիմաց: Գորիսի ուսուցիչների միության նախագահ Արտաշես Թորոսյանը ասել էր, որ պատանին իրենց ՀԿ անդամներից մեկի որդին է:
Մարզպետը պատանուն կանչել էր իր մոտ այն բանից հետո, երբ վերջինս կռվել էր իր որդու հետ: Իսկ կռվի պատճառն այն է եղել, որ պատանին փորձել է փողոցում կասեցնել մարզպետի որդու անպատշաճ գործողությունները մի աղջկա նկատմամբ: Սուրեն Խաչատրյանն այնքան դաժանորեն էր ծեծել պատանուն, որ նրան հիվանդանոց էին տեղափոխել Երևան: Աղբյուրը նշել էր նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրամայել էր քննություն սկսել՝ պարզելու դեպքի վերաբերյալ մամուլում հայտնված հրապարակումների իսկությունը: Քննությունն ավարտվել էր՝ արձանագրելով, որ ծեծ տեղի չի ունեցել:
Աղբյուրը՝ http://medialab.am/news/id/4237