Սպանությունը շարունակվում է
00:00, June 24, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԱրման Ենգիբարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկվա հայտարարությունը` կապված հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կողմից երկու կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի դեպքի հետ (ոստիկանությունն այդ գործողությունը համարել է ավազակային հարձակման մեջ կասկածվող անձի վնասազերծում` նշելով, որ Արման Ենգիբարյանը զենք է կիրառել իրեն հետապնդած ոստիկանների ուղղությամբ):
Մինչ փաստաբանի մեկնաբանությանն անցնելը` հիշեցնենք ոստիկանապետի խոսքը. «Էս պահին ես ուղղակի հայտարարում եմ. բացառվում է, որ սխալ մարդու են սպանել, որովհետև բոլոր տուժողները ցուցմունք են տալիս, որովհետև դեպքի վայրերից ունենք և մատնահետքեր, և այլն…»:
Էդմոն Մարուքյան. «Փաստորեն ոստիկանապետն ընդունում է, որ ոստիկանությունը մարդ է սպանել և գտնում է, որ ճիշտ մարդու է սպանել: Այսինքն` դուրս է գալիս, որ ոստիկանությունը ընդունում է, որ ինքը մարդ սպանելու համար լիազորություն ունի, և դա իրավաչափ է, և ճիշտ մարդու է սպանել: Ճիշտ մարդու սպանելու հարցը ես մի կողմ եմ դնում, որովհետև ոչ մի բան դեռ պարզ չի: Այսինքն` իրենց ասած նախաքննությունը դեռ ընթանում է… Բայց եթե անգամ նա` Արման Ենգիբարյանը, այն մարդն է եղել, որը որ կասկածվում էր տվյալ հանցագործության մեջ, տվյալ պարագայում նույնպես ոստիկանությունը որևէ ձևով իրավաչափ չի գործել: Այսինքն` մենք տվյալներ ունենք, որ երկու կրակոց է եղել նրա ուղղությամբ, մեկը կպել է որովայնին, որի ժամանակ նա արդեն իսկ վնասազերծված է եղել:
Նպատակը եղել է վնասազերծել, և նա այդ պահին արդեն վնասազերծվել է, և երկրորդ կրակոցը կպել է մոտավորապես գլխի հատվածում: Այսինքն` արդեն երկրորդ կրակոցից մահացել է: Եվ ըստ էության այստեղ վնասազերծման մասին չի խոսքը գնում, այլ սպանելու, որը հենց ոստիկանապետն է ընդունում, ու շատ լավ է դա: Այդ հայտարարությունը ես գնահատում եմ նորմալ հայտարարություն մեզ համար` հետագայում Եվրոպական դատարանում օգտագործելու համար: Ասում են` ինչ ուզում եք թերթերում գրեք, ոստիկանությունը ճիշտ մարդու է սպանել: Ո՞նց կլինի այդպիսի բան: Հիմա որ սկսենք գործի մեջ խորանալ, այնքան ավելի շատ բաներ կլինի, բայց այս պահին ես կարծում եմ, որ առաջին դեմքով նման հայտարարություն անել` նշանակում է նաև նախաքննության վրա ազդել, որովհետև, ըստ էության, արդեն նախանշում են նախաքննության սահմանները, որ գնալու է այնպես, որ նա հանցագործ է եղել, իսկ մենք գործել ենք իրավաչափ»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և փաստաբան Էդմոն Մարուքյանը կոչ են անում ոստիկանապետին` չազդել նախաքննության վրա և չմիջամտել նմանատիպ հայտարարություններով:
Ի դեպ, զրույցից հետո պարզ դարձավ, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնել է. «2011թ. հունիսի 17-ին Ձեր գրությանը հայտնում եմ, որ 2011թ. հունիսի 14-ին, Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհի» կայարանի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ 4-րդ կետերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: 2011թ. հունիսի 15-ին քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ նույն օրը քրեական գործի նյութերով ՀՀ քր. oր-ի 107-րդ հոդվածով հարուցվել է նոր գործ և միացվել ավազակային հարձակում կատարելու նախապատրաստության և իշխանության ներկայացուցչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ բազմաթիվ ականատես վկաներ, նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է»:
Նկատենք, որ ավազակության նախապատրաստումը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ (35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ 4-րդ կետերով), պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով (316-րդ հոդվածի 2-րդ մաս): Այլ կերպ ասած` սրանք այն հոդվածներն են, որոնք պետք է առաջադրվեն ավազակային հարձակում կատարողին (նրա ինքնությունը պարզելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` այդ մասով քրգործը կարճի՞, թե՞ այլ մեղադրյալ ներգրավի, եթե պարզվի, որ կասկածյալը Արման Ենգիբարյանը չէր): Իսկ քր. oր-ի 107-րդ հոդվածը վերաբերում է զենք կիրառած ոստիկանին: Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Փաստորեն, սա է լինելու այն սահմանը, որի շրջանակներում էլ հավանաբար տեղավորվելու է քրեական գործը:
Առաջիկայում «Առաջին լրատվական»-ը կշարունակի հետաքննությունը նաև տուժողների մասով: