Սպանություն, թե՞ ջրախեղդ
00:00, November 27, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2010 թվականի հունիսի 16-ին նորակոչիկ Երվանդ Սարգսյանի դին հայտնաբերվել էր ջրատար խողովակի մեջ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի Այգեստանի (նախկինում Բալուջա) թիվ 37447 զորամասի զինծառայող, 2010 թվականի մայիսի 12-ին Արմավիրի զինկոմիսարիատից զորակոչված Երվանդ Սարգսյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ շնչառական ուղիների հեղուկով փակվելու-ջրահեղձման հետեւանքով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ հուլիսի 16-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երվանդ Սարգսյանը վաշտի մյուս նորակոչիկների հետ գնացել է զորամասի հարակից մարտավարական արգելքների հաղթահարման դաշտ:
Պարապմունքներն ավարտելուց հետո` ժամը 10:00-ի սահմաններում, մի խումբ նորակոչիկներ (6 հոգի) լողանալու նպատակով մտել են մոտակա գետի կողքին գտնվող ջրավազանը: Երվանդ Սարգսյանը ջրի մակարդակը բարձրացնելու նպատակով մեջքով փակել է ջրավազանում գտնվող ջրատար խողովակի բերանը, որի ընթացքում խողովակում առաջացած բարձր ճնշման հետեւանքով կլանվել է ջրատար խողովակի մեջ եւ ջրասույզ եղել:
Փաստի առթիվ 2010 թվականի հունիսի 28-ին ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ):
2010 թվականի օգոստոսի 25-ին զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Կարեն Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Երվանդ Սարգսյանի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին:
Երվանդ Սարգսյանի հայրը՝ Մանուկ Սարգսյանը, դեպքից հետո մեկնել է Լեռնային Ղարաբաղ, եղել է դեպքի վայրում, անձամբ է կատարել տարբեր դիտարկումներ եւ համոզված է, որ պաշտոնական վարկածը սխալ է:
Ըստ գործի նյութերի՝ Երվանդ Սարգսյանը մեջքով փակել է ջրավազանում գտնվող 500 մմ տրամագծով արագահոս ջրատար խողովակի բերանը, սակայն Երվանդի հայրը իր դիտարկումների ժամանակ չափել է այդ խողովակի բերանը, որն ունեցել է 700 մմ տրամագիծ:
Մանուկ Սարգսյանը եղել է նաեւ զորամասում, զրուցել է դեպքի վայրում ներկա գտնվող զինծառայողների հետ, որոնք, ըստ հոր, եղել են վախեցած եւ ոչինչ չեն ասել, միայն նշել են հետեւալը. «Սպաները ինչ ասում են, այդպես էլ եղել է»:
Հարազատները նշում են, որ, երբ Երվանդին հանել են խողովակից, նրա ոտքերին փաթաթված են եղել գոտիներ: Հարազատների այն հարցին, թե դրանք ինչպես են հայտնվել, զինվորները պատասխանել են, որ, երբ իրենք նկատել են, որ Երվանդին խողովակի ջուրը քաշում է, իրենք իրենց գոտիները հանել են, որպեսզի դուրս քաշեն Երվանդին, բայց չկարողանալով օգնել, նրանք բաց են թողել գոտիները, որոնք էլ փաթաթվել են նրա ոտքերին:
Հարազատները նշում են, որ Երվանդի մեջքի վրա, ականջի հետեւի մասում եղել են քերծվածքներ, կապտուկներ, իսկ արմունկը եղել է ջարդված: Այնպիսի տպավորություն է, որ Երվանդին քարշ են տվել:
Հարազատների համար անհասկանալի է նաեւ այն, թե ինչու պետք է իրենց որդին առավոտյան ժամին մտներ լողավազան, եթե 2 օր առաջ ինքը եղել է հիվանդ եւ բուժում է ստացել զորամասի բուժմասում: Երվանդ Սարգսյանի հայրը նշում է նաեւ, որ երբ ինքը գտնվելիս է եղել այդ լողավազանում, այնտեղ առավոտյան ժամերին ջուրն այնքան սառն է եղել, որ մարդ չի կարող այդ ջրի մեջ մի քանի րոպեից ավելի մնալ:
Տուժողի իրավահաջորդ ճանաչվել է Երվանդ Սարգսյանի հայրը՝ Մանուկ Սարգսյանը:
Քննիչը Մանուկ Սարգսյանին չի տրամադրել գործի նյութերը:
Գումար չունենալու պատճառով հարազատները չեն կարողացել պաշտպան ներգրավվել, պաշտպան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղից քննիչի միջնորդությամբ:
Փաստի առթիվ նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: