Սպիտակի ոստիկանությունը հովանավորում է բնակիչների բնակարանային իրավունքները խախտած անձանց
12:52, April 13, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Սեփականության իրավունք2003 թվականին ստեղծվել է «Սպիտակի Վերածնունդ» բարեգործական հիմնադրամը (հիմնադիրներ՝ Ռոբերտ Ասմարյան, Վարուժան Ապրեսյան, Վանիկ Ասատրյան, Արշալույս Ասատրյան, Գարեգին Դիլբարյան, Ռիտա Փանոսյան, Մհեր Ալեքսանյան), որի նպատակն էր մեղմացնել սպիտակցիների սոցիալական խնդիրները, ինչպես նաև դրանք լուծելու համար աջակցել քաղաքային իշխանություններին:
2002 թվականի նոյեմբերի 15-ին «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի և Սպիտակի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր (պայմանագիրը քաղաքապետարանում չի պահպանվել), համաձայն որի բնակարանների բաշխումը պետք է կատարվեր 10.06.1999 թվականի N 432 որոշմամբ սահմանված կարգով: Հիմք ընդունելով սույն պայմանագիրը՝ Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, ով միաժամանակ նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տնօրենն էր, 2002 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ալեք Մանուկյան փողոցի վրա հիմնադրամին հատկացրել է 2600 քմ, իսկ 2003 թվականի հունվարի 8-ի թիվ 3/1 որոշմամբ Շահումյան փողոցի վրա՝ 2800 քմ հողամաս` հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան բնակելի շենքերի համապատասխանաբար առաջին և երկրորդ խմբավորման կառուցման համար: Սակայն սույն որոշմամբ նախատեսված չէ, թե կոնկրետ ինչ իրավունքով է հողամասը տրամադրվել հիմնադրամին:
Սպիտակի քաղաքապետարանը 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Սպիտակ քաղաքի հինգ ընտանիքների (Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի, Սարգիս Ռոբերտի Հովակիմյանի, Կարլեն Սարիբեկի Հովակիմյանի, Արմեն Կարլենի Հովակիմյանի, Գարիկ Բորիսի Հովակիմյանի ընտանիքներին) հետ կնքել է պայմանագրեր, որոնց համաձայն նշված անձինք պարտավորվել են իրենց պատկանող վագոն-տնակներն ու ինքնաշեն շինությունները քանդել և տեղափոխել այլ տարածք՝ ազատելով կառուցվող բնակելի շենքերի տարածքը: Միևնույն ժամանակ, այդ պայմանագրերով Սպիտակի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնել նշված անձանց ընտանիքներին 2002-2003 թվականներին կառուցվելիք շենքերից հատկացնել բնակարան:
«Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամին շենքերն ավարտական տեսքի հասցնելու համար հատկացվել է ժամկետ մինչև 2010 թվականի հուլիսի 30-ը: Սակայն նշված ժամկետի ավարտից հետո բազմաբնակարան շենքերը մնացել են կիսակառույց վիճակում: Կիսակառույց բազմաբնակարան շենքերի կառուցումն ավարտին հասցնելու փոխարեն «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նվիրատվության պայմանագրերի միջոցով դրանք օտարել է այլ անձանց, մասնավորապես՝ Ջոնիկ Սարգսի Դունամալյանին, Տիգրան Լյովայի Բեղլոյանին, Ռոբերտ Մկրտչի Աղումյանին:
Վերը թվարկված գործողությունների ընթացքում բացի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ հողային օրենսգրքի դրույթների խախտումների, «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք: Մասնավորապես, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանի, «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի կողմից թույլ տրված խախտումների արդյունքում քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած քաղաքացիներին, թե Սպիտակի քաղաքապետարանին պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս: Ընդ որում, կատարված արարքում Սպիտակի նախկին քաղաքապետի և հիմնադրամի տնօրենի դիտավորությունը փաստվում է Սպիտակի նախկին քաղաքապետի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տնօրենի՝ միևնույն անձը (Վանիկ Ասատրյան) լինելու հանգամանքով: Այսինքն` վերջինս, լինելով Սպիտակի քաղաքապետը և միաժամանակ նաև հիմնադրամի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները, անօրինական ճանապարհով յուրացրել է քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված բազմաբնակարան շենքը և այն օտարել այլ անձի: Սպիտակի նախկին քաղաքապետը, լինելով շահագրգռված անձ, իր պաշտոնավարության ընթացքում կայացրել է որոշում հողատարածքը հիմնադրամին տրամադրելու մասին, այնուհետև, լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տնօրենը, կիսակառույց բազմաբնակարան շենքը հողատարածքի հետ միասին օտարել է այլ անձանց: Կատարված արարքում հանցակազմի առկայության մասին վկայում է նաև Սպիտակի քաղաքապետարանի և «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի բացակայությունը թե՛ քաղաքապետարանում, թե՛ հիմնադրամում և թե՛ ՀՀ անշարժ գույքի կադաստրի Սպիտակի սպասարկման գրասենյակում: Այդպիսով, կարելի է ենթադրել, որ այդ պայմանագրով նախատեսվել է Սպիտակի քաղաքապետարանի կողմից հատկացված հողամասի և կառուցված բազմաբնակարան շենքերի տնօրինման հիմնադրամի սահմանափակ իրավունքը:
2012 թվականի հոկտեմբերի 25-ին Արմեն Կարլենի Հովակիմյանն իր իրավունքների պաշտպանության խնդրով դիմել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը, հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին: Կազմակերպության միջամտության արդյունքում պարզվել է, որ սույն գործով կազմակերպության կողմից հաղորդում ներկայացնելուց շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ավագ հետաքննիչ Վ. Հակոբյանի վարույթում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում 2012 թվականի փետրվարի 16-ին կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի և Սպիտակի քաղաքապետարանի միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին կնքված պայմանագիրը: Սակայն վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կատարել պայմանագրի բացակայության պատճառները պարզելու ուղղությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի օպերլիազոր Կ. Յարմալոյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հիմք ընդունելով նույն դեպքի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին չվերացված որոշման առկայությունը:
2013 թվականի մարտի 12-ին Արմեն Կարլենի Հովակիմյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետ Ա. Հայրապետյանին՝ խնդրելով տրամադրել նախապատրաստված նյութերի արդյունքում կայացված որոշման օրինակը:
2013 թվականի մարտի 21-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետ Ա. Հայրապետյանը գրությամբ հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Ա. Հովակիմյանին տրամադրելն անհիմն է և անօրինական այն պատճառաբանությամբ, որ Ա. Հովակիմյանը չի հանդիսանում հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական անձ: Սույն գրությամբ վերջինս հերքել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին թե՛ 07.02.2013թ. և թե՛ 16.02.2012թ. որոշմամբ հաստատված այն փաստը, որ Վ. Հակոբյանի վարույթում նյութեր են նախապատրաստվել Սպիտակ քաղաքի մի խումբ բնակիչներից Լոռու մարզի դատախազությունում ստացված բանավոր տեղեկությունների և դժգոհությունների հիման վրա:
Այսպիսով, ստացվում է, որ միևնույն հանգամանքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ավագ հետաքննիչ Վ. Հակոբյանն ու օպերլիազոր Կ. Յարմալոյանը և նույն բաժնի պետ Ա. Հայրապետյանը տվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում միմյանց, այլև հակասում են, քանի որ մի դեպքում հաստատված է, որ նյութերը նախապատրարաստվել են Լոռու մարզի դատախազությունից ստացված գրության հիման վրա, մյուս դեպքում ընդհանրապես բացառվում է նշված գրության առկայությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ավագ հետաքննիչ Վ. Հակոբյանը թույլ է տվել մի շարք այլ խախտումներ, մասնավորապես, իր իսկ որոշմամբ վերջինս նախատեսել է որոշման մասին հայտնել Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի, Սարգիս Ռոբերտի Հովակիմյանի, Կարլեն Սարիբեկի Հովակիմյանի, Արմեն Կարլենի Հովակիմյանի, Գարիկ Բորիսի Հովակիմյանի ընտանիքներին: Սակայն իրականում Վ. Հակոբյանը չի կատարել իր որոշման պահանջը, այն է ՝ նշված քաղաքացիներին չի հայտնել որոշման մասին: Նշված քաղաքացիները սույն գործով հանդիսանում են տուժող, քանզի թույլ տրված անօրինական գործողությունների և ենթադրյալ հանցագործության արդյունքում խախտվել է նրանց սեփականության իրավունքը, պատճառվել է նյութական վնաս: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն վերցնել նշված անձանցից: Ընդ որում, այն փաստը, որ Արմեն Կարլենի Հովակիմյանի, Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի, Սարգիս Ռոբերտի Հովակիմյանի, Կարլեն Սարիբեկի Հովակիմյանի, Գարիկ Բորիսի Հովակիմյանի ընտանիքները հանդիսանում են գործի հետ առնչվող անձինք, Վ. Հակոբյանը չի անտեսել, քանզի ինչպես արդեն իսկ նշվեց վերը, որոշմամբ նախատեսել է դրա մասին հայտնել նաև հիշյալ ընտանիքներին:
Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը, (մասնավորապես` ավագ հետաքննիչ Վ. Հակոբյանը) «Սպիտակի Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիրներ Ռոբերտ Ասմարյանի, Վանիկ Ասատրյանի (ով միաժամանակ նաև Սպիտակի նախկին քաղաքապետն է), ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի մյուս անդամների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքների վերաբերյալ կատարել է ոչ պատշաճ քննություն՝ կոծկելով փաստերը: