Ստալինյան մթնոլորտ Զինված ուժերում
06:10, July 25, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՕրերս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անստորագիր նամակէր ստացել, որտեղ նամակագիրը պատմում էր ՀՀ ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիշա Խաչատուրովի կամայականությունների մասին:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով խնդրին, նշել էր, որ կարծես վերադարձել են ստալինա-բերիական ժամանակները, երբ մարդկանց զրպարտելով կարելի էր կործանել:
Արթուր Սաքունցին զարմացրել են ՊՆ մամուլի քարտուղարի նման ձևակերպումները, որովհետև եթե ուշադիր ընթերցեին նամակը, ապա կտեսնեին, որ հեղինակն իր անունը չի նշել, քանի որ երաշխիքներ չունի, որ իր անվտանգությունը կարող է պաշտպանված լինել: Իրականում, Ա. Սաքունցի խոսքով, ստալինա-բերիական մթնոլորտը տիրում է հենց զինված ուժերում, երբ մարդիկ չեն կարողանում իրենց կարծիքն ազատ արտահայտել, ավելին, նույնիսկ խնդիրները բարձրացնել:
Արթուր Սաքունցն օրինակ բերեց երկու տարի առաջ գեներալ Միշա Գրիգորյանի Պաշտպանության նախարարին ուղղված նամակը, որտեղ նախարարի առջև բարձրացվել էին մի շարք հարցեր, սակայն ՊՆ ներկայացուցիչներին հետաքրքիր էին ոչ թե խնդիրները, որոնք բարձրացվել են, այլ թե ինչպես էր իր ձեռքն ընկել այդ նամակը: «Սա է բերիական ոճ, որն ամենեւին էլ չի նպաստում իրավիճակի փոփոխմանը, որի մասին բազմիցս մեր մտահոգություններն արտահայտում ենք: Փոխանակ խոսելու այս խնդիրների մասին՝ հերթական անգամ գնահատական են տալիս», ասել է Արթուր Սաքունցը:
«Այնպես չէ, որ նամակում բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք գոյություն չունեն, օրը ցերեկով բաց երկնքում ամպրոպի և կայծակի տպավորություն են թողնում, բացի այդ, չեմ կարծում՝ դա ուղղված է Խաչատուրովների ընտանիքի վարկաբեկմանը, սա Զինված ուժերում իրավիճակի մասին է վկայում», ասել է Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ քանի որ Զինված ուժերում կա հովանավորչության մեծ աստիճան, ապա իրապես հիմնավոր կասկածներ կան, որ այդ ամենը տեղին է: