Սևան-Երևան մայրուղին զինավարժությունների երթուղի
06:39, June 20, 2013 | Հայտարարություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կրթության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Զինված ուժեր2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները: Ինչպես հայտնի է Սևան-Երևան մայրուղու վրա այդ փորձը կոպտորեն կանխվեց ուժային կառույցների կողմից:
Քանի որ քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային խոչընդոտելը և առավել ևս դրանում զինված ուժերի ներգրավումը հակասահմանադրական է, 2013 թ. մայիսի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցում է հղել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ով կամ ովքեր էին զինված ուժերի ստորաբաժանումներին հրամայել իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխվել:
2013 թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի «18.05.13թ. Երևան-Սևան մայրուղում կազմակերպված բողոքի ակցիային խոչընդոտելու կամ կանխելու հրաման պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին չի տրվել, առավել ևս այդպիսի մտադրություն չի էլ եղել:
ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկություն ստանալով, որ Երևան-Սևան մայրուղում մարդկային մեծ կուտակումներ կան, որը էական դժվարություններ կարող էր առաջացնել ինչպես զինվորական ավտոշարասյունների ռազմավարական տեղաշարժերին, այնպես էլ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ հրատապ միջոցառումների իրականացմանը, այդ իսկ պատճառով ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի համապատասխան աշխատակիցները մեկնել են այնտեղ և ընդամենը փորձել են պարզաբանել»:
Փաստորեն ստացվում է, որ Երևան-Սևան մայրուղով տեղաշարժվող քաղաքացիները տեսականորեն կարող էին խոչընդոտել զինվորական ավտոշարասյուների ռազմավարական տեղաշարժին (ի դեպ նմանատիպ ռազմավարական տեղաշարժ կամ դրա անհրաժեշտություն կարծես թե նշված ժամանակահատվածում այդ տարածքում չի նկատվել), այդ պատճառով թույլատրելի է համարվել մեծաքանակ ամբողջական ստորաբաժանումների տեղափոխությունը տվյալ տարածք՝ ուղղակի «պարզաբանման համար»: Իսկ այն, որ նշված «պարզաբանումը» զուգորդվում է Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ բռնության կիրառմամբ, թերևս պաշտպանական գերատեսչության կողմից համարվում է երկրորդական կամ հանդիսանում է «պարզաբանման» ընդունված ռազմավարական միջոց:
Թերևս ավելի ընդունելի կլիներ, եթե ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այս անօրինական հրամանը բացատրեր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխման անհրաժեշտությամբ, նաև նշեր, որ ՊՆ նախաձեռնությամբ նմանատիպ ուշադրության կարժանան զինվորական ծառայության ընթացքում մահացած բոլոր զինծառայողները և նրանց ընտանիքները՝ անկախ մահվան պատճառներից և ընտանիքի գործողություններից: Փոխարենը գերատեսչությունը կրկին արդարացնում է զինված ուժերի ապօրինի կիրառումը սեփական քաղաքացիների դեմ և որպես հիմնավորում ներկայացնում առնվազն անտրամաբանական պատճառաբանություններ:
Պատասխանից թերևս պետք է ենթադրել, որ Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքացիները մինչ Սևան-Երևան մայրուղով խմբակային ենթևեկության մեկնելը, նախապես պետք է ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ձեռք բերեն հնարավոր զինվորական տեղաշարժերի մասին, հակառակ դեպքում՝ կարող են ենթարկվել ռազմական ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների կողմից անակնկալ շրջափակման: