Վահան Խալաֆյանի գործով դատվելու է 4 ոստիկան
00:00, June 23, 2010 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի` թվով 4 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Նշենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ հետախուզության գծով տեղակալ Սամվել Տոնոյանի պաշտոնը բարձրացրել են, նրան նշանակելով բաժնի պետի պաշտոնակատար։ Խալաֆյանի մահից հետո Հելսինկայն ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ահազանգել էր, որ Տոնոյանը սպառնացել է Խալաֆյանի հետ նույն օրը ոստիկանական բաժանմունք բերված մյուս տղաների հարազատներին։