Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
12:59, March 25, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՎաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր` Եվա Դարբինյան) որոշումը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ.-ի դեկտեմբերի 18-ի դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանն անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահը:
Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստում ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկեցին վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով դրանք մերժել:
Նրանց պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց նախաքննության ընթացքում Ռազմիկ Սարգսյանի տեսագրված «խոստովանական» ցուցմունքից առաջ արված մի լուսանկար, որը վկայում է, որ հարցաքննության ժամանակ Ռ.Սարգսյանի դեմքը ոչ թե «լցված էր», այլ ուռած՝ «այն աստիճան, որ համարյա անճանաչելի էր դարձել»:
Մեղադրող կողմը նախորդ՝ մարտի 4-ի դատական նիստում հայտարարել էր, որ առաջին ատյանի դատարանը սուբյեկտիվ է գնահատել ապացույցները և կայացրել ակնհայտ անարդարացի դատավճիռ: Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրել էին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որն, ըստ նրանց, լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Ըստ նրանց` չեն հաստատվել պաշտպանական կողմի հայտարարությունները, թե այդ ցուցմունքները տրվել են բարոյական, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ:
Մեղադրող կողմը միջնորդել էր բեկանել դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7, իսկ Մ.Սերոբյանին ու Ա.Զալյանին՝ 8-ական տարվա ազատազրկման: Տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը նույնպես՝ հիմնվելով Ռ.Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքի վրա, հայտարարեց, որ իր որդու մահվան մեջ մեղավոր են դատարանով արդարացված 3 անձինք, ուստի նրանք նորից պետք է հայտնվեն ճաղերի հետևում:
Վերաքննիչ բողոքների դեմ առարկություն էր ներկայացրել գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի, իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը, ով գտնում է, որ իսկական հանցագործներն արդեն 9 տարի է գտնվում են ազատության մեջ, իսկ Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը, և Ա. Զալյանը անմեղ են:
Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր առարկությունում հայտարարել էր, որ մեղադրողների կողմից վկայակոչվող ցուցմունքից բացի գործով կա ևս մեկ խոստովանական ցուցմունք, որ տվել է վկա Արման Գրիգորյանը՝ նա իր ցուցմունքում տուժողների մահվան մեջ մեղավոր այլ անձանց է մատնանշել ու այլ շարժառիթներ: Ըստ պաշտպանի` Ռ. Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքը չակերտավոր ինքնախոստովանական ցուցմունք է տրվել՝ նրա նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների ազդեցության տակ: Այդ ցուցմունքում նշվող հանգամանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/10758
«Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների վերաբերյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի 2013 թ. մարտի 26-ին՝ ժամը 11:30-ին: