Վանաձորի քաղաքապետը հրապարակային ներողություն կխնդրի
12:24, May 17, 2013 | Մամլո հաղորդագրություններԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:
Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք օնլայն» էլեկտրոնային էջում հրապարակել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետ» վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը և նշել. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչությն ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է «անգիտակից» բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որևէ մեկի, առավել ևս հանրության մի մասի ինքնասիրությունը:
Վանաձորի քաղաքապետը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել:
Կից ներկայացվում է հանձնաժողովի որոշումը: