Վանաձորի քաղաքապետը նամակը չի ստացել
10:38, May 21, 2013 | ՆորություններՎանաձորի քաղաքապետարանում Էթիկայի հանձնաժողովի որոշումը դեռ չեն ստացել: Այս մասին«Փաստինֆո»-ին տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գագիկ Սիմոնյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե ինչպես է քաղաքապետն արձագանքելու հանձնաժողովի որոշմանը:
Նշենք, որ հանձնաժողովն իր վարույթն ավարտել էր մայիսի 13-ին, եւ կայացրած որոշումն ուղարկել կողմերին:
Հետաքրքրական է, որ կողմերից մեկը` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանձնաժողովի որոշումն ստացել էր դեռեւս 4 օր առաջ` մայիսի 17-ին: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հստակեցրեց, որ նամակն ստացել են փոստով, Վանաձորի իրենց հասցեով:
Իսկ թե ինչու է քաղաքապետարանի նամակն ուշանում, մնում է միայն ենթադրել:
Հիշեցնենք. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` Ս.Դարբինյանի հրապարակային ելույթում առկա վիրավորական արտահայտությունները քննելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար, քանի որ նախագահական ընտրություններից հետո, մեկնաբանելով Վանաձորում Սերժ Սարգսյանի կրած պարտությունը, քաղաքապետն ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Եվ, ահա, հանձնաժողովը 1 ամիս շարունակ գործը քննելուց հետո եզրակացրել էր, որ թեեւ «անգիտակից» բառի օգտագործումը «կարող է դիտվել որպես անհարգալից վերաբերմունքի դրսեւորում», բայց, քանի որ Վանաձորի քաղաքապետը դրանից հետո «ընդունել է, որ ոչ տեղին է օգտագործել «անգիտակից» բառը, եւ փորձել է հայցել բոլոր այն անձանց ներողամտությունը, ում ակամայից վիրավորել է», հանձնաժողովը որոշել էր, որ քաղաքապետի «գործողություների շղթան գտնվում է էթիկայի կանոնների շրջանակում»:
Այնուամենայնիվ, հանձնաժողովը Վանաձորի քաղաքապետին, ամեն դեպքում առաջարկել էր «Արթուր Սաքունցի դիմումում բարձրացված էթիկայի կանոնների վերաբերյալ հարցը փակված համարելու համար հստակ եւ աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել բոլոր այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ եւ տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում»:
Ինչը մինչ օրս չի արվել: Պարզվում է` որոշման տեղ չհասնելու պատճառով:
Իսկ հետագայում կարվի, թե ոչ, դժվար է միանշանակ պնդել, քանի որ Հանձնաժողովի առաջարկն ընդամենը առաջարկ էր: Իսկ «առաջարկն» ինչպես հայտնի է, իրավական ուժ չունի:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/14673