Վանաձորի քաղաքապետ. «Էդ ասողներին ասա`այ էշի քուռակ»
09:51, February 11, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից փետրվարի 2-ին ահազանգ էր ստացվել, որ Սերժ Սարգսյանի՝ Վանաձոր այցելության ընթացքում քաղաքի տարբեր դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների աշխատողներին դասերի ժամին պարտադրաբար այդ հանդիպմանն են ուղարկել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները: Դասաժամերը խափանվել են: Աղբյուրը ցանկացել է մնալ անանուն՝https://iditord.org/reports/view/1431:
Սակայն նույն տեղեկությունը հաստատում է Արթուր Սաքունցը` Aravot.am կայքին տված իր հարցազրույցում. «Հենց իր այցելությունը Վանաձոր, որը ուղեկցվել էր ուսուցիչների, մանկապարտեզների աշխատողներին համատարած այդ հանդիպմանը պարտադրաբար ուղարկելով, նույնիսկ դասընթացներն էին ձախողվել: Որևէ թեկնածուի հանդիպմանը հնարավոր չէր դա պատկերացնել: Ամբողջ կրթական համակարգը իշխանության ենթակա կառույց է: Տնօրեններից, ուսուցիչներից սկսած՝ բոլորը հանրապետականներ են: Պետական, մարդկային, ֆինանսական և կուսակցական ռեսուրսների այնպիսի կիրառում է, որ հավասար պայմանների մասին խոսել հնարավոր չէ: Ուստի դա չի համապատասխանում իրականությանը, Սերժ Սարգսյանը զբաղված է ստախոսությամբ»,- ասել էր Սաքունցը http://www.aravot.am/2013/02/05/157953/:
Ահազանգի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցանք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը մասնակցած , Վանաձորի երրորդ դպրոցի մի ուսուցչուհու հետ, որը ցանկացավ անանուն մնալ.
– Ճի՞շտ է, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար Վանաձորում դպրոցների ու մանկապարտեզների դասերը շուտ են ավարտվել, ուսուցիչներին ու տնօրեններին էլ պարտադրել են մասնակցել հանդիպմանը:
-Այո: Մեզ էլ ասել էին, որ պարտադիր պետք է ներկա գտնվենք հանդիպմանը: Դե, ինչ-որ տեղ մեզ էլ հետաքրքիր էր, թե ի՞նչ է ասելու նախագահը:
– Գոհացրե՞լ է նախագահի խոսքը:
– Դե, հա, խոսքը լավն էր, բայց…
– Ձեր քաղաքի, աշխատանքի, երկրի հետ կապված մտահոգություններ չունե՞իք, փորձե՞լ եք հարցի ձեւով դրանք բարձրաձայնել:
Պատասխան չկա: Կողքից լսվում է ձայն` «ուսերն ա քցում»
Ահազանգի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցանք նաեւ Վանաձորի Քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:
-Էդ ով որ ձեզ տենց բաներ ա ասել` ամուր-ամուր գլուխը քարովն ա տվել: Եւ էդ ասողներին ասա`այ էշի քուռակ, եթե դու անպատասխանատու հայտարարություն ես անում… մանկապարտեզի երեխեն էդ ժամին քնում ա, ո՞ր դաստիարակը կամ դայակը էդքան համարձակություն կունենա էդ երեխին քնած թողնի` ինքը գնա հանդիպման: – —
– Պարոն Դարբինյանն, երեխաներին ոչ թե քնած են թողել, այլ այդ օրը տվյալ հիմնարկներում աշխատանքային պրոցեսն էլ է խաթարվել:
– Ընտրական գործընթացների ժամանակ երեխաների մասնակցությունը խստիվ արգելվում է. ո՞նց կարող ա նրանց թույլ տան, որ նախընտրական քարոզչությանը երեխեքին մասնակից դարձնի: Ամենքն իրա մտածածները թող մեր գլխին չփաթաթի: Մենք կատարում ենք շատ ազնիվ, նորմալ, օրինական ընտրություններ: Առանց էն էլ մեր քաղաքում էնքան մարդ կա, որ նույնիսկ չտեղավորվեց էդ զալում, մոտ երեք հազար մարդ հետ գնացին: Մենք դրա խնդիրը չունեինք, որ մանկավարժներին, մանկապարտեզների դաստիարակներին, մեկին կամ մյուսին խառնենք ընտրություններին: Դա բացառվում է
– Փաստն արձանագրել են եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարը եւ անանուն մնալ ցանկացող ուսուցչուհի:
-Գլուխը պատովն ա տվել, եթե նման փաստ չի եղել ո՞նց ա ֆիքսել: Մենք խստորեն հետեւում ենք գործող նախագահի հորդորին` ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Որոշ մարդիկ պարզապես ուզում են ամեն ինչ սեւացնել: Դե թող համարձակություն ունենան եւ բարձրաձայն ասեն որ Հայաստանն այս մի հանգրվանում հաղթանակի է հասել եւ կարողանում է նորմալ, ազնիվ ընտրություններ անցկացնել` առանց ընտրական օրենսգրքի խախտման: Էս անգամ, գոնե, որեւէ խախտման կարիք չկա, չէ՞. մի անգամ եկեք ազնիվ ըլնեն ու ասենք, որ այ մեր երկրում արդեն ճշմարտությունը հաղթանակում ա:
Ահազանգի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ հեռախոսազրույցում ասաց.
-Մեր մարզում ընդհանրապես բացօթյա հանդիպում չի եղել եւ որեւէ մեկը դրոշակ պահելու հնարավորություն չի ունեցել: Նման բան մեր մարզում չի եղել: Կամերաները հազար տեղից ֆիքսել են` դահլիճում կամ հայաթում դրոշակ պահած երեխա չի եղել: Եթե մի դպրոցում գոնե դասերը խաթարվել են, ես էդ դպրոցի տնօրենին կպատժեմ, բայց բացառվում ա, որ մեր մարզում նման բան եղած լինի: Եվ հետո, մեր մարզային
հանդիպումները բոլորը շատ ուշ ա եղել, դպրոցներում դասերը ավարտված են եղել: Վանաձորի հանդիպումը եղել ա մեր մարզահամերգային դահլիճում` իրիկունը ժամը հինգին. ի՞նչ դպրոցի մասին ա խոսքը: Ալավերդու հանդիպումը եղել ա իրիկունը ժամը յոթին, մի դպրոցում էլ ժամը երեք անց կես. ինչի՞ մասին ա խոսքը:
Ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեության բացառման և ուսւումնական գործընթացի անխափան կազմակերպման վերաբերյալ մինչև ընտրարաշավի մեկնարկը ԿԳՆ-ի կողմից տեղեկացվել են ՀՀ բոլոր մարզպետները և Երևանի քաղաքապետը:
ՀՀ ընտրական օրենսգիրքը, սակայն, հստակ արգելում կամ սահմանում չի տալիս ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեության բացառման և ուսւումնական գործընթացի անխափան կազմակերպման վերաբերյալ: ՀՀ ընտրական օրենսգրքի 5-րդ գլուխի, հոդված 18-ի 6-րդ կետը` Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, սահմանում է` «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
ԿԸՀ-ն`ԸՕ-ի նույն գլխի պահանջներին համապատասխան, իր կայքում փակցրել է մարզպետներից եւ Երեւանի քաղաքապետից ստացած առաջարկությունները, որոնք վերաբերում են թեկնածուների կողմից անվճար հիմունքներով դալիճներից օգտվելու հնարավորությանը: Այդ դահլիճների մի մասը դպրոցներում է եւ դա օրենքով է: Այս դիտարկումները մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այն տնօրենները կամ ուսումնական հաստատությունների ղեկավարները, ովքեր կխախտեն սույն կարգը պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսգրիք` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու սահմանման համաձայն: Այն ենթադրում է վարչական տույժ` նկատողություն, խիստ նկատողություն եւ նկատողության վերջին նախազգուշացմամբ: