Վանաձորում բողոքի ակցիա է կայացել
00:00, May 24, 2008 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | ՔաղբանտարկյալներՄարտի 1-ի դեպքերից հետո առաջին անգամ վանաձորցիները որոշեցին բողոքի ակցիա անցկացնել: Այն նվիրված էր քաղբանտարկյալների պաշտպանությանը:
Այսօր «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառով ու վանաձորցի երեք կալանավորածների նկարներով վանաձորցիները հավաքվել էին Լոռու մարզպետարանի շենքի առջեւ:
«Մենք հույս չունենք, որ իշխանության կողմից ինչ որ ուշադրության կարժանանանք, ընդամենը պետք է, որ ժողովուրդը արթնանա»,- ասաց ՀՀՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը: Նրա ամուսինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 316 հոդվածի երկրորդ մասով սահմանված արարքի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Կալանավորված մյուս վանաձորցու՝ Արթուր Շահնազարյանին ազատելու կոչով մարզպետարանի շենքի առջեւ իրենց լուռ բողոքն էին հայտնում կինն ու դուստրը:
«Կկանգնեմ այնքան, մինչեւ պապայիս բաց թողնեն»,- ասում էր Շահնազարյանի դուստրը: Կինն էլ ասում էր, թե ամուսինը սրտի հիվանդություն ունի ու նրան ազատազրկելու փոխարեն բուժում է հարկավոր: Արթուր Շահնազարյանը մեղադրվում է քրօրի 225-ի երկրորդ մասով՝ անմիջականորեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Լոռու մարզպետարանի շենքի առջեւ խմբված լուռ ակցիայի մասնակիցներին էին մոտենում մարզպետարանի աշխատակիցները, կարդում պաստառներին գրված անուններն ու մի քանի րոպեից հեռանում:
«Այս ամեն ինչը շարունակություն պիտի ունենա, սա դեռ վերջը չի, սա դեռ նոր սկզիբն է, մենք ուշ ենք արթնացել, բայց եթե արթնացել ենք, ապա դա իր հետեւանքները կունենա»,- ասաց Անահիտ Մանուկյանը:
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մարզպետարանի շենքից դուրս գալով ու տեղեկանալով ակցիայի բովանդակության մասին՝ քիչ անց հեռացավ: Ակցիան տեւեց մոտ կես ժամ:
Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր