Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող ընկերությունը տուգանվել է
00:00, June 30, 2011 | Նորություններ | Տեղաշարժի ազատությունՏրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը տուգանքի է ենթարկել Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող «Ոսկեթեւ» ընկերությանը` մայիսի 31-ին (Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը) երթուղին չսպասարկելու համար:
Այդ օրը Վանաձորի ավտոկայանում երթուղուն պատկանող միկրոավտոբուս այդպես էլ չերեւաց, իսկ ուղեւորները ստիպված էին ժամերով սպասել:
Տրանսպորտային տեսչության Լոռու բաժնի ղեկավար Սամվել Մատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջին տուգանքի չափը, ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի, կազմում է 5000 դրամ: Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է այն վճարել, կամ էլ բողոքարկել տուգանքի սահմանման ակտը: Ըստ Մատինյանի` երկրորդ անգամ օրենքը խախտելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի եւ այդպես շարունակ:
«Ոսկեթեւ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թեեւ իրենք համաձայն չեն տուգանքի հետ, բայց այն կվճարեն, քանի որ 5000 դրամի համար չեն բողոքարկի: Ալեքսանյանի անհամաձայնության պատճառն այն է, որ իրենք այդ օրը պարզապես զբաղված են եղել միկրոավտոբուսների տեխզննման աշխատանքներով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այս հարցի վերաբերյալ բազմաթիվ նամակներ է հղել կառավարությանը, զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ ընդդիմության հանարահավաքի օրերին ընկերությունը որոշում է միկրոավտոբուսների տեխզննում իրականացնել: Սաքունցը տուգանքը համարում է անհամաչափ` գտնելով, որ կառավարությունը այս պարագայում ընկերությանը պետք է զրկի արտոնագրից անցած երկու տարիներին ընդդիմության հանրահավաքի օրերին չաշխատելու համար:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24251339.html