Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը կվերսկսվի
13:53, March 13, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2012 թ. մարտի 13-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերսկսել Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը:
Դատական նիստը նախագահող դատավոր Բ. Գրիգորյանը նշեց, որ պատասխանողի ներկայացուցչի լիազորագրի ժամկետը 2012 թ. փետրվարի 1-ին ավարտվել է և անհրաժեշտ է նոր լիազորագիր՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Կողմերը հաջորդ դատական նիստի մասին կծանուցվեն պատասխանողի կողմից դատարան լիազորագիր ներկայացնելուց հետո:
Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վ. Եղիազարյանը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին «Վանաձորյան խճանկար» թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը: