Վարորդները դժգոհում են
00:00, January 25, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թ. հունվարի 22-ին Լոռու մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել անհատ տաքսիների վարորդներ:
Մոտ 50 վարորդների դժգոհության պատճառը ՀՀ կառավարության կողմից ընդունած որոշումն է: Համաձայն որոշման` անհատ տաքսիստները պարտավոր են մի շարք պահանջներ կատարել՝ ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի գերազանցելու 10 տարին, պետհամարանիշերը լինելու են դեղին, ուղեսրահում տեղադրվելու է տաքսամետր:
Մարզպետարանի դիմաց հավաքվելով` անհատ տաքսիստները մարզպետից պահանջում էին թույլատրել աշխատել առանց դեղին պետհամարանիշների և 10 տարին լրացած մեքենաներով:
Վարորդների դժգոհությունը կայանում է նրանում, որ պետավտոտեսուչների կողմից իրենց մեքենաները անընդհատ տուգանվում են և տարվում տուգանային հրապարակ:
Վարորդները նշում են, որ եթե պետությունը ի վիճակի չէ իրենց ապահովել աշխատանքով, գոնե թույլատրեն իրենք իրենց աշխատանքով պահել իրենց ընտանիքները: Մյուսն էլ նշում է. “Պետության կողմից տրված 20000 դրամով ո՞նց կարող ենք ընտանիք պահել”:
Խնդիրների լուծման համար մի քանի վարորդներ հանդիպում են ունեցել մարզպետ Ա. Քոչարյանի հետ: Նրանք պատահաբար հադիպել են նաև Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանին և ԱԺ պատգամավոր Կ. Սարիբեկյանին:
Մարզպետը խորհուրդ է տվել քաղաքացիներին այդ հարցով դիմել կառավարությանը, քանի որ տվյալ դեպքում ինքը իրավասու չէ այդ խնդիրը լուծելու:
Կ. Սարիբեկյանը քաղաքացիներին կոչ է արել իրեն դիմել գրավոր ձևով և որ նա կփորձի ինչ որ ձևով լուծում տալ:
Իսկ Վանաձորի քաղաքապետը նշել է, որ չի հասկանում խնդրի էությունը և չի կարող հստակ պատասխան տալ:
Վարորդները հայտնում են, որ կբողոքեն այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում չտրվի` ցույցերը շարունակելու միջոցով:
Վարորդները իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: